Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյան. «Գլուխները պատին են տվել» (տեսանյութ)

Հարցազրույց
279caf9d30a88fe1b489d87a5105936d

«Կարող է դուք ինձ չսիրեք, բայց իմ գործը պիտի սիրեք: Իմ արած գործը պարտավոր եք սիրել»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա պատասխանեց ոչ միայն «Ա1+»-ի, այլև բոլոր լրագրողների հարցերին: Ուշագրավ հարց ու պատասխանները ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

- Ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերը: Ո՞վ է պատասխանատու:

- Շատ վատ: Համապատասխան հանձնաժողովներ պետք է ստեղծել եւ աշխատանքներ կատարել: Բանակը մեր մեջքն է, բանակում պետք է լինի կարգ ու կանոն, հետեւողական պետք է լինեն: Մարդիկ պետք է կարողանան լիարժեք աշխատել, որ մեր երեխաները գնան բանակ: Պետք է օրենք գործի եւ համապատասխան մարդիկ պատժվեն:


- Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը, թե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ կան լուրջ տարաձայնություններ:

- Այսօր բոլորս կոալիցիոն գործընկերներ ենք, բայց պայքարում ենք մեր կուսակցության համար: Ավել-պակաս խոսակցությունները դուք եք ստեղծում: Մենք աշխատում ենք, որ կարողանանք լիարժեք մեծամասնություն վերցնել, որ կարողանանք մեր ծրագրերն իրականացնել: Հազար անգամ առիթ է եղել, մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը, սակայն փոքրամասնություն լինելով` չենք կարողացել իրականացնել: Մենք պայքարում ենք, որ ունենանք «50+1»-ը, որ մեր խոսքը գործ լինի: Իսկ մնացածը ով ինչ կասի, չի ասի, դրանք հեքիաթներ են: Մարդիկ տունը քնած հելնում, առավոտը երազ են տեսնում, խոսում են:

- Տեսակետը կա, որ հաջորդ ընտրություններում ԲՀԿ-ն 8 տոկոս ձայն է ունենալու: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ասողները գլուխները պատին են տալիս: Նրանք իրանց տանը ձայն չունեն, նրանց կնիկները նրանց ձայն չեն տալիս, ինչի մասին է խոսքը:

- Ինչպե՞ս եք վերաբերում արտահերթ ընտրություններին:

- Նման բան չկա:

- Ինչպե՞ս եք վերաբերում ընդդիմություն-իշխանություն երկխոսությանը:

- Այսի՞նքս:

- Հնարավոր համարո՞ւմ եք այդ երկխոսությունը:

- Այո, դա նորմալ բան է: Թող մի կողմը նստի իշխանությունները, մյուս կողմը ընդդիմությունը ու ասի, թե ինչ պետք է անեն, եւ ով ինչ է արել:

- ԲՀԿ-ն կարո՞ղ է միջնորդ լինել այդ երկխոսության համար:

- Ես իրավասու չեմ երկուսին իրար կողք նստացնեմ: Մենք կողմ ենք, թող խոսեն:

- Ինչպե՞ ս եք վերաբերում պարբերաբար շրջանառության մեջ դրվող Ձեր դեմ մահափորձերի մասին լուրերին:

- Ես չգիտեմ, թե ով է նման լուրեր տարածում: Այդպիսի բան չկա, չի կարող լինել; Չգիտեմ, թե դա ում է ձեռնտու:

- Այդ դեպքում, ինչո՞ւ եք երկրորդ պարիսպը կառուցել Ձեր տան շուրջ:

- Երկրորդ պարիսպը դա եկեղեցու համար է, որ կարողանան այնտեղ կենդանիներ բաց թողնել, ջրենք, գեղեցկացնենք: Մի քիչ լավատես եղեք: Կարող է դուք ինձ չսիրեք, բայց իմ գործը պիտի սիրեք, պարտավոր եք սիրել: Որ սարը այդպես չոր մնա, ինչի՞ նման կլիներ:

- Ինչպե՞ս եք վերաբերում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հայտարարությանը, որից հետո Ձեր կուսակից Վարդան Բոստանջյանը խզեց քավոր-սանիկ հարաբերությունները:

- Ես միայն մի բան կարող եմ ասել` քաղաքական գործիչը պարտավոր է ոչ թե օդի մեջ խոսել, այլ հայտարարություն անել հիմնավոր: Մնացածն արդեն անցած է:

- Բայց Դալլաքյանը անուն չի տվել, ինչո՞ւ Ձեր վրա վերցրեցիք:

- Ես որպես բարեգործ եմ: Մենք մեր վրա չենք վերցրել, մենք բարեգործի անունից ենք խոսել; Էդ խառնաշփոթը ավելի շատ դուք եք ստեղծում: Եթե այսօր Հայաստանում ասում են բարեգործություն, առաջինը հասկանում են Գագիկ Ծառուկյանին:

- Վարդան Բոստանջյանն ինչո՞ւ հրաժարվեց Դալլաքյանի ընտանիքի քավորությունից:

- Վարդան Բոստանջյանը բարեգործից է վիրավորվել: Նա գիտի, որ իր կուսակցության ղեկավարը բարեգործություն է անում: Բարի գործ կատարելն ամեն մեկը պարտավոր է գնահատել: Եթե մեկը բարի գործ անի, նոր կհասկանա մեր վիճակը: Մենք ոչ թե առիթից-առիթ են բարեգործություն անում, այլ պարբերաբար, ամեն օր, ամեն ժամ: Ինչքան շատ ենք անում, դա Աստծու տված շնորհ է: Ինչքան շատ բաժանես, Աստված այնքան շատ կտա: Ոչ թե պետք է բաժանես ու սպասես, այլ` ի սրտով, հավեսով, լիարժեք: Աստված հարյուրապատկում է:

- Ինչպե՞ս են ընթանում Բելառուսում կոնյակի գործարան հիմնելու աշխատանքները:

- Աշխատանքները կատարվում են: Մեզ տրամադրել են համապատասխան տարածք, որ կարողանանք համատեղ կոնյակի արտադրություն իրականացնել: Սպիրտը կլինի հայկական, բայց շշալցումը կլինի Բելառուսիայում: Այնտեղ էլ լինելու է հայկական առեւտրի կենտրոն, որտեղ միայն հայկական ապրանք է վաճառվելու:

- Ինչպե՞ս եք վերաբերում ԱԺ-ի կողմից ընդունված «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխություններին: ԲՀԿ որոշ պատգամավորները դեմ են քվեարկել:

- Մեր բոլոր պատգամավորներին տրված են արտոնություններ, որ իրենք ծանոթանան եւ համապատասխանաբար քվեարկեն: Ոնց քվեարկել են, ճիշտ են կատարել:

- Ի՞նչ է տեղի ունենում Ձյուդոյի ֆեդերացիայում, ինչպե՞ս եք վերաբերվում ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանին ուղղված բողոքներին:

- Դուք բոլոր հեռուստաալիքներով կդիտեք, որ Ձյուդոյի բոլոր անդամները Ծառուկյանին դիմել են` լսելու իրենց: Ես պարոն Ալիկին դրել եմ մի կողմը, ամբողջ դիմողներին, ֆեդերացիային` մի կողմը: Հարց ու պատասխան է լինելու: Ալիկը ծախել է կիմանոներ աշակերտներին, որ դա պետք է բաժաներ, Ալիկը ծնողներից գումարներ է վերցրել: Իմ հարցերին Ալիկը չի կարողացել պատասխանել: Այսօր միջազգային ֆեդերացիայի նախագահն էլ է գալու, որ տեսնի, թե ինչ է կատարվել: Այսօր սպորտը ամենազարգացող ոլորտն է, մենք խնդիր ունենք աշխարհին ցույց տալու մեր պահվածքը, մեր աշխատանքը: Մենք պետք է կարողանանք մեր մարզիկներին, մեր պատանիներին պատրաստել: Վաղվա մեր չեմպիոնները մեր մանուկներն են: Իսկ Գագիկ Ծառուկյանն ամեն ինչ անում է, այդ մանուկներին թոշակներ է տալիս, տներ է տալիս, որ նրանց սրտները տաք լինի, կարողանան պարապել, մեր երկրի պատիվը բարձր պահել: 20 տարի մենք դա չունեինք: Թուրքիայում մեր դրոշը բարձրացավ, մեր հիմնը հնչեց: Երկրորդ մեդալն էլ պետք է վերցնեինք, երեւի թուրքերի նավսից էր, չստացվեց:

- Դուք մի առիթով ասացիք, որ որեւէ բան պակաս չունենք, Ձեզ իսկապե՞ս ոչինչ չի պակասում:

- Ինձ պակասում է իմ երկրի զարգացումը, բարեկեցիկ ապրելը: Որ ձեզ պես գեղեցիկ լրագրողները ամիսը 2000-3000 դոլար ստանան, պատվերներ չկատարեն: Որ փողը չվերցնեն ասեն, թե Ծառուկյանի վրա մահափորձ է կատարվել:

- Դուք չգիտե՞ք, որ պատվեր կատարողներն ավելի քիչ փողով էլ են կատարում, իսկ չկատարողները` չեն կատարում:

- Արի մեզ մոտ, մենք 2000 դոլար կտանք: