Լինել մարդ մի աշխարհում, որտեղ մեքենաները մտածում են․MindX-ի առանցքում՝ ԱԲ-ն ու կրթական գործընթացները
Աջակցիր «Ա1+»-ինMindX միջազգային կրթական համաժողովը մեկ հարթակում էր հավաքել կրթության տեխնոլոգիաների ու բիզնեսի ներկայացուցիչներին՝ փորձելով վերաիմաստավորել, թե ինչ դեր ունի կրթությունը Հայաստանի ապագայի ձևավորման գործում և արդյոք կրթական համակարգը համընթաց է գլոբալ փոփոխություններին։
Երկօրյա միջոցառման մեկնարկը տրվել է այսօր՝ մարտի 27-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
Բացման խոսքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը MindX բնութագրել է որպես մտքի խաչմերուկ՝ ընդգծելով, որ կրթությունն այն տարածքն է, որտեղ գաղափարների փոխանակման միջոցով հնարավոր է գտնել կարևոր խնդիրների լուծումներ։
Նրա խոսքով՝ փոփոխությունները դարձել են առօրյա, և կրթական համակարգը չի կարող իրեն թույլ տալ կանգ առնել։
Քննարկումների կենտրոնում մեկ առանցքային թեմա է՝ ինչպես է արհեստական բանականությունը փոխում կրթությունը։ Այս փոփոխությունները վերաբերում են ոչ միայն տեխնոլոգիաներին, այլ նաև կրթության բովանդակությանը, մարդկային հմտությունների զարգացմանը։
Հայաստանի կրթական նախաձեռնության գործառնական ղեկավար Գոռ Նազարյանի խոսքով արհեստական բանականության գործիքները ամեն օր փոփոխվում են ամեն օր լրացվում ու ավելի լավն են դառնում և այսօր ոչ թե պետք է կենտրոնանալ գործիքների, այլ այն կրթական միջավայրի վրա, որը ցանկանում ենք տեսնել։
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի Գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Նազարյանի խոսքով՝ արհեստական բանականության գործիքները ամեն օր փոխվում են, ամեն օր լրացվում ու ավելի լավն են դառնում, և այսօր պետք է կենտրոնանալ ոչ թե գործիքների, այլև այն կրթական միջավայրի վրա, որը ցանկանում ենք տեսնել ապագայում։ Արհեստական բանականությունն իսկապես մեծ հնարավորություն է տալիս տրանսֆորմացնելու կրթական համակարգն ու դերակատարներին։
«Դասավանդիր հանուն Հայաստանի» հիմնադրամի առաջխաղացման գծով տնօրեն Վարդան Փարթամյանը համոզված է, որ փոփոխություններն այլևս անխուսափելի են և կրթական համակարգը պետք է ադապտացնել նոր իրողություններին։
«Մենք իրական հեղափոխության մեջ ենք գտնվում, և այսօր մի խոսք հնչեց ելույթների ընթացքում, որի համաձայն մինչև 2030 թվական 92 միլիոն աշխատատեղ ամբողջ աշխարհում այլևս գոյություն չի ունենալու և միաժամանակ ստեղծվելու են 170միլիոն նոր աշխատատեղ, որոնք դեռ գոյություն չունեն։ Այս առումով փոփոխությունները, որոնք ցանկանում ենք իրականացնել, դրանք են, որոնց զուգընթաց կամ շարժվելու ենք, կամ կորցնելու ենք հնարավորությունը, որով իսկապես Հայաստանը կարող է համեմատական առավելություն ունենալ Հայաստանում և Հայաստանից դուրս»,-ընդգծեց Փարթամյանը։
MindX-ը նպատակ ունի կրթությունը դարձնել այն հարթակը, որտեղ ձևավորվում են նոր առաջնորդներ, գաղափարներ և գործընկերություններ՝ պատրաստելով հաջորդ սերունդը արագ փոփոխվող աշխատաշուկային։
Համաժողովի ընթացքում հայտարարվեց նաև «Սերունդ» դպրոցների մեկնարկի մասին, որոնք նախատեսվում է գործարկել արդեն առաջիկայում՝ փորձելով համադրել նորարարական կրթական մոտեցումներն ու ժամանակակից տեխնոլոգիաները։
«Դասավանդիր հանուն Հայաստանի» հիմնադրամի ծրագրերի նախագծման ավագ պատասխանատու Աննա Խաչյանի խոսքով՝ այս տարի կազմակերպությունն իր նոր անվամբ կմեկնարկի հեղինակային դպրոց, որի հիմքում կլինի Սերունդ դպրոցի փոխակերպման ծրագիրը։
«Սա կլինի առաջին դպրոցը Հայաստանում, որտեղ ինտեգրված կլինի արհեստական բանականությունը, և այն կդառնա ապագայի դպրոցը կամ այն դպրոցը, որը մենք պատկերացնում ենք ներկայում, բայց որը պիտի կերտի մեր ապագան»,- ասաց նա։
MindX-ը նպատակ ունի դառնալ այն հարթակը, որտեղ կրթությունն ու նորարարությունը միավորվում են՝ ձևավորելու մրցունակ, ստեղծարար և փոփոխություններին պատրաստ սերունդ։
Բայց գլխավոր հարցը մնում է բաց՝ կկարողանա՞ն արդյոք այս գաղափարները հասնել դասարաններ և իրական փոփոխություն բերել կրթական համակարգում։
Համաժողովը կշարունակվի վաղը։