Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Տնտեսություն

Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է խայտառակ պայմաններով․ Պապոյան (տեսանյութ)

Հայաստանը ԵԱՏՄ-ին տալիս է ավելի շատ, քան ստանում, իսկ միությանն անդամակցելիս երկրի տնտեսական շահերը պատշաճ չեն պաշտպանվել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի մասնաբաժնին, դրա ավելացման շուրջ քննարկումներին և Եվրամիության հետ մերձեցման հեռանկարին։

«Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է խայտառակ պայմաններով»,– ասաց Պապոյանը՝ պնդելով, որ նախկին բանակցողները չեն պաշտպանել Հայաստանի տնտեսական շահը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը բարձրացրել է ԵԱՏՄ-ում իր մասնաբաժնի ավելացման հարցը։ Նման քննարկումներ, ըստ նրա, տարբեր ժամանակներում նախաձեռնել են նաև այլ երկրներ։ Պապոյանը, սակայն, ընդգծեց, որ անդամակցելուց հետո պայմանների փոփոխության շուրջ բանակցելու հնարավորությունները սահմանափակ են, քանի որ որոշումների համար անհրաժեշտ է հինգ երկրների համաձայնությունը։

Լրագրողների դիտարկմանը, թե գործող իշխանությունն արդեն ութ տարի ժամանակ է ունեցել այդ խնդիրները լուծելու համար, նախարարը հակադարձեց՝ միություն մտնելու պահին բանակցային հնարավորություններն այլ են, իսկ անդամակցությունից հետո դրանք էապես կրճատվում են։

Անդրադառնալով մասնաբաժնի հարցով քննարկման հետաձգմանը՝ Պապոյանն այն կապեց նախապատրաստական աշխատանքների և դրական արդյունք ստանալու հնարավորության հետ։

«Քննարկումները մենք դնում ենք այն ժամանակ, երբ մեր փաստարկների ամրությունը և պատրաստվածությունը և դրական արդյունքի հավանականությունը հնարավոր ամենալավը կարող է լինել»,– նշեց նա։

Նախարարը հաստատեց, որ այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Միաժամանակ նա հստակ կանխատեսում չներկայացրեց հնարավոր որոշման վերաբերյալ՝ նշելով, որ հարցը դեռ պետք է քննարկել և հասկանալ։

Լրագրողներն անդրադարձան նաև Նիկոլ Փաշինյանի՝ 2027–2028 թվականներին Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելու հնարավորության մասին հայտարարությանը՝ հարցնելով, թե այդ հեռանկարի պարագայում որքանով են հիմնավոր ԵԱՏՄ-ից հնչող պահանջները։

Պապոյանը տարանջատեց երկրների քաղաքական վերաբերմունքն ու իրավական պահանջները։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ իր վերաբերմունքը, սակայն պահանջ ներկայացնելու դեպքում պետք է դիտարկել դրա իրավական հիմքերը։

«Մենք ԵԱՏՄ անդամ ենք, ԵԱՏՄ-ում շարունակելու ենք մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ»,– հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը կատարել և կատարում է իր պարտավորություններն ամբողջ ծավալով։

Հարցին՝ արդյոք Եվրամիության ուղղությամբ քայլերի մասին հայտարարություններն ուղղված են նաև ԵԱՏՄ-ին, Պապոյանը պատասխանեց, որ դրանք հրապարակային հայտարարություններ են՝ ուղղված աշխարհին, ոչ թե առանձին որևէ կողմի։

Նախարարը նաև առարկեց լրագրողի այն ձևակերպմանը, թե Հայաստանին մինչև նոյեմբերի վերջ կամ դեկտեմբեր ժամանակ է տրվել՝ շեշտելով, որ Հայաստանը մյուս պետությունների հետ հարաբերվում է հավասարը հավասարի սկզբունքով։