«Գոհար»-ը հիացրեց լիբանանահայերին
«ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը ութ տարվա ընդմիջումից հետո հանդես եկավ Լիբանանում։ Տոմսերը ելույթից շատ օրեր առաջ արդեն սպառված էին` ներգրավելով աշխարհի տարբեր անկյուններից եկած հանդիսատեսներ ու երկրպագուներ։ Ոչ միայն Զուք Միքայելի փառագեղ ամֆիթատրոնի, առինքնող գեղեցկությունը, որտեղ կայացան «ԳՈՀԱՐ»-ի համերգները, այլև Միջերկրական ծովը շրջակա բերդին մեծաշուք տեսք էին հաղորդել եւ հայ հանդիսադեսին կարծես հիշեցնում էին Հայոց Կիլիկիայի Թագավորության երբեմնի փառքը։
Համերգի կենտրոնում էր կիպրահայ մաեստրո Սեպուհ Աբգարյանը, ով Սիմֆոնիկ Նվագախումբն ու Երգչախումբը ղեկավարում էր իր նրբազգաց ճաշակով ու հանճարով։ Ծրագրի առաջին մասը ընդգրկում էր դասական, սիրային և ժողովրդական երգեր, ինչպես նաև գործիքային հատվածներ, որոնք հատուկ մշակված էին «ԳՈՀԱՐ»-ի համար եւ կատարվում էին հայկական ավանդական գործիքների՝ դուդուկի, քանոնի, դհոլի նվագակցությամբ։
Կարճ ընդմիջումից հետո, հայտագրի երկրորդ մասը սկսվեց ջազով, որ ոգևորեց երիտասարդ ու տարեց հանդիսատեսներին յուրահատուկ կատարումով՝ հայկական զուռնայի ու զանազան այլ գործիքների նվագակցությամբ։
«Վերականգնիր Կիլիկիա» երգը, որ գրված է «ԳՈՀԱՐ»-ի համար, դարձավ հայտագրի նախընտրելի կտորը, որը խանդավառեց հանդիսատեսին, մասնավորապես, երբ նրանք հպարտությամբ ու պատվով սկսեցին ծածանել Կիլիկիայի Թագավորության դրոշները։
Երբ հայտագիրը ավարտվում էր, զվարթ մթնոլորտում, հանդիսատեսը պահանջեց նվագախմբից՝ ներկայացնել ևս վեց կտորներ, իսկ ամֆիթատրոնում «ԳՈՀԱՐ»-ի ելույթներն ավարտվեցին հրաշալի հրավառությամբ։
Համերգների ողջ հասույթը տրամադրվելու է Լիբանանի հայկական կարիքավոր դպրոցներին։
Հիշեցնենք, որ «ԳՈՀԱՐ»-ը հիմնադրվել է 1997-ին, Հայ մշակույթի մեկենաս, Լիբանանահայ Հարութ Խաչատուրյանի կողմից, ով հովանավորն է «ԳՈՀԱՐ»-ի բոլոր համերգների։ Համույթն անվանվել է ի պատիվ իր մոր՝ Գոհար Խաչատուրյանի։