Պատերազմում զոհված 19-ամյա Լևոնի անվան նախակրթարանն առաջին շրջանավարտներն ունի
Աջակցիր «Ա1+»-ին44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա Լևոն Հովհաննիսյանի անվան նախակրթարանն արդեն առաջին շրջանավարտներն ունի։ Նախակրթարանը բացվել էր այս տարվա մարտի 1-ին Եղվարդում Լևոնի մանկության ընկերոջ՝ Տիգրան Բարսեղյանի նախաձեռնությամբ։ «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ այդպես հոգին մի փոքր հանդարտվեց՝ իմանալով, որ Լևոնի անունն ու սխրանքը կարող է սերունդներին փոխանցել։
Նախակրթարանում սովորում են 50 սաներ, Տիգրան Բարսեղյանը նշում է՝ բոլորն էլ գիտեն Լևոն Հովհաննիսյանի մասին։ Օգոստոսի 20-ի առաջին ավարտական միջոցառմանն էլ երեխաները նրա լուսանկարով շապիկներ էին հագել, միջոցառման սկիզբը նվիրել Լևոնին՝ երգելով հատուկ նրա մասին գրված երգը։ Նաև մոմեր են վառել նախակրթարանում նրան նվիրված անկյան մոտ։
Հանգիստ ու հանդարտ բնավորությամբ Լևոնը ժամկետային զինծառայող էր, հուլիսի 7-ին էր գնացել ծառայության։ Տիգրան Բարսեղյանը պատմում է, որ հիանալի դաշնակահար էր, 7 տարվա երաժշտական կրթություն ուներ ու մի շարք փառատոններում և մրցույթներում բարձր հորիզոնականներ էր գրավել։
Արդեն Ամերիկյան համալսարան էր ընդունվել, սակայն այդպես էլ ուսանող լինել չհասցրեց։ Երկու ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց։ Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 12-ը կռվեց հանուն հայրենիքի․ «Դրանից հետո լուրը կորավ իրենից, հայտնվեց անհետ կորածների ցանկում։ Դեկտեմբերի 17-ին գտանք աճյունը, դեկտեմբերի 19-ին՝ իր 19-ամյակի օրը հուղարկավորեցինք»։