Եվա Ռիվասը չի հրավիրվել
Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմը այսօրվանից սկսեց նախապատրաստվել Եվրոպայի գավաթի 2010/11 թթ. խաղարկությանը: Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում մամուլի ասուլիս կազմակերպվեց, որին մասնակցեցին թիմի ղեկավար կազմը, մարզիչները եւ բասկետբոլիստուհիները:
Ինչպես տեղեկացրեց «Հատիսի» խորհրդի անդամ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, թիմն համալրվել է 5 նոր խաղացողներով: «Հատիսի» նորեկներից 4-ը՝ Քրիստինե Քեփենեկյանը, Քիաննա Չենին, Էրիկա Դեւիսը եւ Բրիտանի Դենսոնը արդեն վաղուց մարզվում են թիմում, իսկ Կանադայի հավաքականի անդամ Չապդելայնը այսօր առավոտյան է ժամանել Երեւան: Այժմ բանակցություն ենք վարում եւս 6 բասկետբոլիստուհիների հետ, որոնցից երկուսին կընդգրկենք թիմի կազմում»:
«Ա1+»-ի մարզական թղթակցի այն հարցին, թե որքան ժամանակով են պայմանագիր կնքել նորեկների հետ, Հրաչյա Ռոստոմյանը ասաց. «Ճիշտն ասաց դա գաղտնիք է եւ չենք կարող այդ մասին տեղեկություններ տալ: Սակայն կարող եմ վստահեցնել, որ նորեկների հետ այնպիսի պայմանագրեր ենք կնքել, որ այլեւս չկրկնվի անցած տարվա պատմությունը, երբ թիմի բասկետբոլիստուհիներից մեկը մրցաշրջանի կեսից հրաժարվեց խաղալ եւ լքեց թիմը»:
Մենք փորձեցինք ճշտել նաեւ այն փաստը, որ իբր Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը թիմ էր հրավիրել երգչուհի Եվա Ռիվասին: «Ոչ ես, ոչ էլ այստեղ նստած մեր մարզիչները Եվա Ռիվասին անձամբ չենք ճանաչում եւ նման հրավեր չենք կատարել: Միգուցե դա երգուչու «սեւ» PR-ներից մեկն է եղել, որ հայտարարել է, թե իրեն առաջարկել են խաղալ Հայաստանի բասկետբոլի հավաքականում: Եթե մենք նրան հրավիրենք, ապա միայն երգելու համար: Օրինակ, վատ չէր լինի, եթե իսրայելական թիմի հետ խաղից առաջ Եվա Ռիվասի կատարմամբ հնչեր «Ծիրանի կորիզ» երգը: Սակայն պետք է նշեմ, որ մեր խաղերին մասնակցող բոլոր երգիչները երգում են անվճար` հանուն սպորտի»: