Բացել լրահոսը Փակել լրահոսը
2000000000000000
A A
Հասարակություն

Քամու հետևանքով չորրորդ օրն է` Շենգավիթում լույս չունեն․ ահազանգ բնակիչներից

Արդեն չորրորդ օրն է` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում բնակիչները լույս չունեն: Օգոստոսի 11-ի ուժեղ քամիներից հետո Նոր Խարբերդ թաղամասի «Ամառանոցներ» կոչվող հատվածի բնակիչներն ահազանգում են, որ էլեկտրականության լարերը պոկված ու ընկած են ճանապարհին, փաթաթված ծառերին, սակայն իրենց զանգերին ոչ ոք չի արձագանքում:

8-րդ փողոցի բնակիչ Անահիտ Վարդանյանն «Ա1+»-ին հայտնեց, որ երկու օր զանգահարել են տարբեր կառույցների, այդ թվում ՀԷՑ-ի տեխնիկական բաժին, սակայն պատասխան չեն ստացել։

Ի վերջո բնակիչները որոշել են գնալ Մասիսի էլեկտրական ցանցերի տնօրենի հետ խոսելու, քանի որ իրենք լույս են ստանում նրանցից:

Տնօրենը պատասխանել է, որ գուցե մի քանի փողոցում նորոգել հասցնեն, մի քանիսում` ոչ: Բնակիչներն անհանգստանում են, որ գուցե այսօր ու վաղն էլ լույս չունենան ու այդպես դեռ անորոշ է, թե ինչքան:

«Թող ուրիշ տեղից բրիգադ կանչեն: Չորրորդ օրն է`հոսանք չկա: Սառնարանների վիճակն ահավոր է: Մարդիկ մահացած մարդ ունեին, դրանից հետո բավականին ուտելիք էին բերել տուն, ամբողջը թափել են: Փոքր երեխաներ ունեցողներ կան, կաթը պետք է սառը պահել», - ասաց Անահիտ Վարդանյանը:

1000000000000000000000000000000000.jpg (60 KB)

Բնակչի խոսքով՝ բացի դրանից, լարերն են գետնին թափված, որոնք վտանգավոր ու բաց հոսանքներ են: Նա նշում է, որ սա առաջին դեպքը չէ, որ լույսերի հետ խնդիրներ են լինում. ցանկացած թեթև քամուց կամ կայծակից լույս չեն ունենում: Էլեկտրականության լարերն էլ արդեն փաթաթված են ծառերին, վերջիններս երկար ժամանակ չեն էտել:

3000000000000000000.jpg (152 KB)

ՀԷՑ-ի հետ այս խնդրի առնչությամբ այս պահին կապ հաստատել չհաջողվեց։ Ընկերությունից պարզաբանում ստանալու դեպքում կներկայացնենք։