Ավարտվեց շախմատի օլիմպիադան
Խանտի Մանսիյսկում ավարտվեց շախմատի համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերջին 11-րդ տուրում չկարողացավ հաղթել Ֆրանսիայի ընտրանուն եւ դուրս մնաց մրցանակային եռյակից:
Առաջին խաղատախտակին հանդես եկող Լեւոն Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին, սակայն մեր 2-րդ շախմատիստը` Վլադիմիր Հակոբյանը, պարտվեց Լորան Ֆրեսինետին: Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Այդպիսով, կողմերը խաղաղությամբ ավարտեցին օլիմպիադան` 2:2: Մեր հավաքականը վաստակեց 16 միավոր եւ ընդհանուր հաշվարկով գրավեց 7-րդ տեղը:
Օլիմպիադայի չեմպիոն դարձավ Ուկրաինան, իսկ երկրորդ տեղը գրավեց Ռուսաստանի 1-ին հավաքականը: Բրոնզե մեդալներ նվաճեցին Իսրայելի շախմատիստները:
Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը գերազանց անցկացրեց վերջին խաղը եւ 3,5:0,5 հաշվով հաղթեց Սլովենիայի թիմին: Մեր ընտրանին վաստակեց 15 միավոր եւ օլիմպիադան ավարտեց 11-րդ հորիզոնականում:
Ինչպես արդեն նշել էինք, առաջին տեղը ժամանակից շուտ զբաղեցրել էր Ռուսաստանի առաջին թիմը: Մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավեցին Չինաստանի եւ Վրաստանի հավաքականները: