Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Այսօր հայ ականավոր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակի օրն է

 
Այսօր հայ ականավոր աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի մահվան 25-րդ տարելիցն է։ Այս մասին տեղեկանում ենք Բյուրականի աստղադիտարանի ֆբ-յան էջից։
 
Օգոստոսի 12-ը համարվում է Վ․ Համբարձումյանի հիշատակի օր։ Ինչպես ամեն տարի, այսօր էլ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներն այցելեցին Համբարձումյանի շիրիմ՝ հարգանքի տուրք մատուցելու:
 
Նշենք, որ Վիկտոր Համբարձումյանը հանգչում է Բյուրականի աստղադիտարանի պանթեոնում, որը, չնայած ստեղծվել է 1965թ-ին, այս կարգավիճակն է ստացել 2021թ-ին այն բանից հետո, երբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի որոշմամբ ստացել է տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ Այստեղ են ամփոփված ինչպես Վիկտոր Համբարձումյանի ընտանիքի անդամների, այնպես էլ հայ գիտության և մշակույթի նշանավոր այլ գործիչների աճյունները:
 
Վ. Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 18-ին: Զբաղվելով ակտիվ գիտական գործունեությամբ և լինելով բազում աշխատությունների հեղինակ՝ նա մեծ ավանդ ունի Հայաստանի գիտության զարգացման գործում:
Իր լայնածավալ գիտական, գիտակազմակերպական, վարչական, մանկավարժական և խմբագրական գործունեության ընթացքում Համբարձումյանը հասել է բազում նվաճումների։
 
Նա եղել է ՀՍՍՀ ԳԱ նախագահ (1947-1993թթ.), ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր և տնօրեն (1946-1988թթ.), ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերության վարչության նախագահ (1947թ-ից), Հայկական սովետական հանրագիտարանի առաջին գլխավոր խմբագիր և խմբագրական կոլեգիայի նախագահ, 1948–1955թթ. եղել Է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) փոխնախագահ, 1961–1964թթ.՝ ՄԱՄ նախագահ, իսկ 1968–1972թթ.՝ Գիտական միությունների միջազգային խորհրդի նախագահ և այլն: