Մեր կանխավարկածն այն չէ, որ պաշտոնյաները պետք է աշխատեն քարուքանդ կաբինետներում․Փաշինյան
Աջակցիր «Ա1+»-ինՆիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստում անդրադարձել է նաև պետական համակարգում աշխատասենյակների նորոգման հետ կապված դիտարկմանը. «Կարծում եմ՝ մենք ճիշտ ենք անում, որ զսպում ենք կաբինետներ նորոգելու պետական համակարգի ձգտումները, բայց դա նաև պետք չէ բացարձակեցնել:
Այսինքն՝ մեր կանխավարկածն այն չէ, որ պաշտոնյաները պետք է աշխատեն քարուքանդ կաբինետներում: Այստեղ բացարձակապես պետական պաշտոնյայի կոմֆորտն ապահովելու մասին չէ խոսքը, չնայած դա էլ կարևոր է՝ թե որքանով է աշխատանքային միջավայր ձևավորված, որ մարդը կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա: Այստեղ ես շատ կարևոր եմ համարում պետականության նկատմամբ քաղաքացու ընկալումը:
Այսօր մենք, իմիջիայլոց, այդպիսի խնդիր ունենք դատական և պետական մյուս համակարգերում: Այլ բան, որ, այո, պետք է, և, ցավոք, լինում են պաշտոնյաներ և կառույցներ, ովքեր չափից են կենտրոնացած լինում կաբինետ նորոգելու և այս կարգի այլ ատրիբուտիկայի վրա: Նկատի ունեմ՝ եկեք այդպես նեգատիվ չդնենք՝ կաբինետը նորոգվեց, ուրեմն հանցավոր գործունեություն է: Ի վերջո, մենք պետական գույք հանդիսացող շենքերում ենք աշխատում, և դա մեր սեփականությունը չէ: Այդ գույքը պետք է պահպանվի, խնամվի, որպեսզի չգա մի օր, երբ ինչ-որ մի կառավարություն պարզի, որ ավերակներից պետական շենքերը փրկելու համար միլիարդավոր դրամներ պետք է ծախսվեն»:
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ նշել է, որ նախագծի ընդունմամբ ևս մեկ գործնական քայլ է կատարվելու տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ. ինստիտուցիոնալ հենքով կարգավորում է տրվելու, և համայնքն ունենալու է տեսանելի եկամուտներ, որոնք ուղղվելու են համայնքի զարգացմանը: