Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կենդանաբանական այգու աշխատակիցները ներկայացվում են փաստեր, որ մինչ այս հասարակությանը չի ներկայացվել (տեսանյութ)

Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներն ակցիա էին իրականացնում այգու մուտքի մոտ ու պահանջում չփոխել իրենց տնօրենի արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին։

Քաղաքապետարանի կողմից նշանակված տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարը ծանոթ է այգու աշխատակիցներին։ Նրանք նշում են, որ Արևիկ Մկրտչյանի հետ աշխատել են․ նա եղել է այգու Միջազգային կապերի պատասխանատուն։ Հենց նրան լավ ճանաչելով էլ շատ աշխատակիցներ չեն ուզում նորից աշխատել նրա հետ։

Ակցիայի ժամանակ Մարդկային ռեսուրսների կառավարիչ Վալյա Մարգարյանը նշեց, որ նրան աշխատանքից հեռացրել են կարգուկանոնը խախտելու համար։ Նա անհարգելի մի քանի օր բացակայել է աշխատանքից ու հարցին լուծում է տվել դատարանը՝ իրավաչափ համարելով, որ Արևիկ Մկրտչյանը խախտել է ներքին կարգապահական կանոնները։

Վալյա Մարգարյանը նշեց, որ օգոստոսի 6-ին աշխատակիցներին են ներկայացրել տնօրենի նոր ժ/պ-ին, և նրանք, այդ նշանակման հետ համաձայն չլինելով, լքել են դահլիճը, մինչդեռ, նրա խոսքով, քաղաքապետարանի մամուլի խոսնակը նշում էր՝ միայն մի քանի աշխատակիցներ էին դեմ որոշմանը։

«Բացի այդ, քաղաքապետարանի մամուլի խոսնակը գրել էր, որ Արևիկ Մկրտչյանի՝ աշխատանքից ազատվելու գործը գտնվում է դատական փուլում, բայց դատական փուլը վաղուց ավարտվել է ու կա վճիռ», - ասաց նա։

Դրանից հետո ոստիկանները եկել ու կողպել են կենդանաբանական այգու վարչական մասնաշենքի դուռը, որտեղ նաև տնօրենի աշխատասենյակն է։

«Լավ, հասկանալի է տնօրենի սենյակը փակելը, բայց վարչական շենքը փակելն ու աշխատողներին ներս մտնել չթողնելն անթույլատրելի է։ Մարդը շաբաթ-կիրակի օրն աշխատում է, եկել է, որ իր աշխատանքային պարտականությունները կատարի, բայց խոչընդոտների է հանդիպում։ Վարչական շենքում նստում են տնտեսական մասով պահեստապետը, կենդանիների խնամքի բաժնի համակարգողը և շաբաթ օրը նրանց ներս չեն թողել։ Սա անընդհատ ռեժիմով աշխատող հիմնարկ է, այստեղ եթե մեկ օր կանգ առնի աշխատանքը, այգին անելանելի վիճակում կհայտնվի», - ասաց Վալյա Մարգարյանը։

Նա նշեց, որ տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Սիմոնյանը, որ նաև ժամանակավոր պաշտոնակատարն էր, անաշխատունակության մեջ է ու հիվանդանոցում։ Իրեն նույնպես չէր ծանուցվել ու չէր տեղեկացվել, որ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար են ներկայացրել։ Չկա նաև ոչ մի փաստաթուղթ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի փոփոխության վերաբերյալ։

Մնացած աշխատակիցները նշում էին՝ քանի որ Արևիկ Մկրտչյանը աշխատել է նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ ու նաև զուգահեռ նրա հիմնադրամում, այժմ չեն ցանկանում նախկինների վերադարձը կենդանաբանական այգի։ Նշում են նաև, որ Վլադիմիր Սիմոնյանի օրոք այգին բարեկարգվել ու ծաղկել է, բոլորը գոհ են նրա աշխատանքից ու ցանկանում են շարունակել նրա հետ աշխատել։ Աշխատակիցներից մեկը նշեց նաև, որ եթե անգամ ցանկանում են Վլադիմիր Սիմոնյանին հեռացնել, թող նշանակեն կամ մրցույթով մեկ այլ մարդու տան տնօրենի կամ ժ/պ-ի պաշտոնը, ոչ թե կրկին բերեն Ռուբեն Խաչատրյանի ներկայացուցչին։