Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ինչ է տեղի ունեցել Կենդանաբանական այգում․ Քաղաքապետարանի որոշումը հարցեր է առաջացրել

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այսօր  Կենդանաբանական այգու աշխատակիցներին են ներկայացրել այգու տնօրենի  նոր ժամանակավոր պաշտոնակատարին՝ Արեւիկ  Մկրտչյանին։

Մեր տեղեկություններով՝ աշխատակիցների մի մասը դեմ է քաղաքապետարանի որոշմանը եւ  իրենց բողոքն  արտահայտել են՝ բոյկոտելով հանդիպումը և լքելով սրահը:

Նրանց զարմացնում է, որ քաղաքապետարանում որոշել են փոխել գործող ժ/պ-ին եւ նշանակել Արեւիկ Մկրտչյանին։ Վերջինս աշխատել է այգում, որպես միջազգային կապերի պատասխանատու եւ   ըստ աշխատակիցների՝  ազատվել է՝անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու հիմքով:

Ա1+-ը փորձեց տեղեկությունը ճշտել Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանից։ Ըստ նրա՝  այդ բոյկոտ չէր, պարզապես աշխատակիցների մի փոքր մասը  հայտնել է իր կարծիքը։ 

Խոսնակի տեղեկացմամբ՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանը  փոխարինվել է, քանի որ աշխատանքը չէր համապատասխանում անհրաժեշտ պահանջներին, իսկ նոր ժ/պ-ն կպաշտոնավարի մինչեւ տնօրենի ընտրության մրցույթը։