Բացել լրահոսը Փակել լրահոսը
դելի
A A
Հասարակություն

Հայաստանը չի արգելում Դելիից ուղիղ չվերթները, հակառակ մտահոգիչ թվերի

Կորոնավիրուսի թվերի աճին ֆոնին, որքան էլ անսպասելի է, Հայաստան են ժամանում ինքնաթիռներ ուղիղ Հնդկաստանից, որը համարվում է Covid-19 համաճարակի բռնկման ամենամեծ օջախներից մեկը։

Այսօր ժամը 15․40-ին  «Զվարթնոց»  օդանավակայանում վայրէջք կկատարի Դելիից ժամանող  ինքնաթիռը։  Սա ուղիղ չարթերային չվերթ է, որն իրականացնում է   «SpiceJet»-ը։

 Քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը հայտնեց՝ չարթերային այս թռիչքները իրականացնում են հնդկական 2 լոու-քոսթ ավիաընկերություններ՝ «SpiceJet»-ը և «IndiGo»-ն։ Վերջին ամսվա ընթացքում  Դելիից դեպի Երևան իրականացվել է 4 ուղիղ չվերթ, այդ թվում՝ տեխնիկական թռիչք(երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել մեր օդանավակայան՝ լիցքավորվելու և այնուհետև ճանապարհը շարունակելու նպատակով)։

Հիշեցնենք, որ  հունիսի 21-ին Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են  COVID-19 «դելտա պլյուս» (B.1.617.2.1) նոր շտամի առաջացման մասին: Նոր ենթատեսակը, ըստ համաճարակաբանների, առանձնանում է սպիտակուցի մեջ K417N մուտացիայի առկայությամբ:

Այն ի վիճակի է նվազեցնել ապաքինված և պատվաստված մարդկանց հակամարմինների ակտիվությունը: Վիրուսի նոր տարբերակը մտահոգիչ է, քանի որ այն ունի տարածման բարձր արագություն և թոքերի բջիջներն ավելի շատ վնասելու ունակություն: Ըստ մասնագետների՝ «դելտա պլյուս» -ը կարող է նույնիսկ «խուսափել» պատվաստանյութերի կամ հակամարմինների ազդեցությունից:

Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվը Հնդկաստանում ավելացել է 42982-ով։

Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում  Հայաստանը Հնդկաստանից ժամանող ուղեւորների դեպքում։ Առողջապահության նախարարի  մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը հայտնեց, որ   իրականացվում  են նույն գործողությունները, ինչ մյուս դեպքերում։

«Մենք չենք կարող բոլոր երկրների հետ սահմանը փակել։ Քաղաքացին կարող է ՀՀ սահմանը հատել, երբ պատվաստված է կամ ունի 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեսթ»,-հայտնեց նա։

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը   հավաստող սերտիֆիկատ։ Ժամանողը պետք  է ստացած լինի երկրորդ դեղաչափը Հայաստանի մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ։

Սերտիֆիկատ չունեցող անձինք ենթակա են նմուշառման օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:

Բացասական թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ չներկայացրած և նմուշառումից կամ հետազոտությունից հրաժարվելու դեպքում կիրառվում է մեկուսացում 14 օրացուցային օրով։

Ավելացնենք, որ Հայաստանում երեկ կատարվել է 7551 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք: Այսինքն՝ վերջին շաբաթների ընթացքում առաջին անգամ այս թիվը անցել է 300-ից։