Բացել լրահոսը Փակել լրահոսը
SPRING PR Yeremyan Projects IPRA
A A
Հասարակություն

Հայկական ընկերությունը՝ առաջին անգամ Միջազգային PR ասոցիացիայի IPRA GWA 2021-ի հաղթող

Հայաստանյան SPRING PR-ընկերությունը PR ոլորտի ամենախոշոր մրցանակաբաշխության՝ Միջազգային PR ասոցիացիայի “IPRA Golden World Awards- 2021”-ի հաղթող է ճանաչվել։  IPRA Golden World Awards մրցանակաբաշխությունը PR աշխարհի ամենակարևոր, ազդեցիկ և հեղինակավոր ամենամյա իրադարձությունն է, այն PR ոլորտի «Օսկար» է համարվում։

SPRING PR-ը IPRA Golden World Awards-ում հաղթող ճանաչված առաջին հայկական ընկերությունն է։

Մրցանակաբաշխությանը SPRING PR-ը ներկայացել էր «Համերի ճանապարհ» մշակութային PR-արշավով, որը հաղթող է ճանաչվել Ճանապարհորդություն և զբոսաշրջություն (Travel and tourism) անվանակարգում:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության հետ համատեղ մի քանի փուլով իրականացված «Համերի ճանապարհ» արշավի նպատակն էր հանրահռչակել հայկական խոհանոցը, հայկական խոհարարական ավանդույթների և հյուրընկալության սկզբունքները, խթանել Հայաստանում գաստրոնոմիական զբոսաշրջության ներուժի զարգացումը և բարձրացնել զբոսաշրջիկների ու տեղի բնակիչների շրջանում ազգային խոհանոցի ճանաչելիությունը։

GASTRO COUTURE -ը «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իրականացրել է «Հարմոնի Երևան» նորաձևության տան հետ համատեղ: Ստեղծարար էսթետիկայի երկու աշխարհների՝ խոհանոցի և նորաձևության յուրօրինակ համադրության արդյունքում է ծնվել այս նախագիծը, որի ոգեշնչման աղբյուրը ազգային խոհանոցն ու մշակույթն են:  

Միջազգային PR ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Շեպարդը, բարձր գնահատելով  SPRING PR-ընկերության «Համերի ճանապարհ» արշավը, ասաց. «Այս արշավն օգնեց հայկական ավանդական խոհանոցի մասին տեղեկությունները կիսել գաստրոնոմիկ նոր «փորձառությունների քաղց» զգացող աշխարհի հետ»։

IPRA Golden World Awards-ին մրցանակները շնորհվում են տարբեր անվանակարգերում՝ զբոսաշրջության, հաղորդակցությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, առողջապահության եւ այլ ոլորտներում իրականացված հաջողված հաղորդակցային արշավների համար։