Հայաստանը կմրցի Վրաստանի հետ
Մեկօրյա ընդմիջումից հետո այսօր կվերսկվի շախմատի համաշխարհային օլիմպիադան: Այսօր տեղի կունենան 6-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի Վրաստանի ընտրանու հետ: Երկու թիմերն էլ հինգ տուրից հետո վաստակել են 10-ական միավոր եւ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մեր թիմը հանդես կգա` Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Արման Փաշիկյան քառյակով: Վրաստանի հավաքականի կազմը կլինի այսպիսին` Բադուր Ջոբավա, Մերաբ Գագունաշվիլի, Լեւան Պանցուլայա, Թամազ Գելաշվիլի:
Այս տուրում կարեւոր նշանակություն ունեն նաեւ Ուկրաինա - Հունգարիա եւ Ռուսաստան-2 - Հոլանդիա հանդիպումերը:
Հայաստանի կանանց հավաքականը, որը 8 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը, այս տուրում կհանդիպի 14-րդ հորիզոնականում ընթացող Ռուսաստանի 2-րդ թիմի հետ: Մեր ընտրանու կազմը անփոփոխ է մնացել` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Նելլի Աղինյան: