Բացել լրահոսը Փակել լրահոսը
f80cd26e7f6b4a09cc2ec733e9781a52
A A
Հասարակություն

COVID-19-ի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակից դուրս եկած հղին բարեհաջող ծննդաբերել է

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատնից հայտնում են, որ ծնվել է ապրիլ ամսից Covid-19-ով 40 օր ծայրահեղ ծանր վիճակից առողջացած  Անուշ Ներսիսյանի դուստրը:
 
Բժշկական կենտրոնի Անհետաձգելի ընդունարանի պատասխանատու Կարեն Տոնոյանի նկարագրմամբ` 29 շաբաթական հղի Անուշ Ներսիսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է ընդունվել ապրիլի 21-ին` ծայրահեղ ծանր վիճակում, երկկողմանի տոտալ թոքաբորբով:
 
Շուրջ մեկ շաբաթ պացիենտի վիճակը գնալով ավելի է ծանրացել: Մեկ ամիս գտնվելով վերակենդանացման բաժանմունքում` նա միացված է եղել արհեստական շնչառության սարքին: Բժիշկների ջանքերի, շուրջօրյա նեղ մասնագիտական քննարկումների շնորհիվ հաջողվել է փրկել Անուշի կյանքը:
 
Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվելով 8-րդ ինֆեկցիոն բաժանմունք, 9 օր անց նա լիովին ապաքինված դուրս է գրվել: Հղիության վերջին շաբաթներին Անուշ Ներսիսյանը գտնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատան ավագ գինեկոլոգ-մանկաբարձ, Covid-19 կլինիկայի գինեկոլոգիական ծառայության ղեկավար Ինգա Ավանեսյանի հսկողության ներքո:
 
«Coivid-19-ն ինձ համար դժոխք էր, չէի կարծում, որ կհաղթահարեմ այն, կորցրել էի օրերի հաշիվը, շնչասպառ էի լինում: Իմ կյանքի մասին այդքան չէի մտածում, որքան տանը թողած փոքրիկիս ու այն բալիկի, որ դեռ նոր էր ծնվելու: Բժիշկներին, բուժքույրերին, մայրապետերին շնորհակալական բոլոր խոսքերն են քիչ, այն ինչ արեցին նրանք հրաշք էր»,-վերհիշում է Անուշ Ներսիսյանը:
 
Անուշի երեխան ծնվել է 40 շաբաթականում` կեսարյան հատման ճանապարհով, մայրն ու դուստրն առողջ դուրս են գրվել ծննդատնից: