Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Եթե մանդատները օգուտ չտան, պատռելու ենք, դուրս գանք փողոց». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հայաստանում շարունակվում է մեր երկրի դիմադրողականությունը կոտրելու քաղաքականությունը։ Այս կարծիքն ասուլիսում հայտնեց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։  

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ այս ամենը տեղի է ունենում Սյունիքում և Տավուշում, բանակից հեռացնում են լավագույն զինվորականներին։ Եվ պատահական չէ, որ պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքի ղեկավարներին փորձում են ձերբակալել ու կալանավորել։

«Քաղաքական հետապնդումները շարունակվում են և մենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք այս ամենի  դեմ, որպեսզի թույլ չտանք կոտրել մեր ժողովրդի դիմադրողականությունը», - ասաց Սաղաթելյանը։

Դաշինքի անդամ Վահե հակոբյանը հիշեցրեց, որ Մեղրիի՝ հրաժարական տված ղեկավար Մխիթար Զաքարյանը երեկ կալանավորվել է երկու ամսով, մինչ այդ կալանավորվել էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել՝ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, իսկ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։

Սաղաթելյանը նշեց, որ ակնհայտ է՝ իշխանությունը փորձելու է ձերբակալությունների ու կալանավորումների ճանապարհով գնալ, շարունակել ճնշումները, սակայն չեն հասկանում, որ դա իրենց չի ընկճելու ու պայքարից հետ չի պահելու։

«Խորհրդարան անցնելով մենք չենք դառնալու միայն խորհրդարանական ընդդիմություն, փողոցային պայքարը շարունակվելու է այս իշխանության դեմ և մենք մեծապես կարևորելու ենք մեր ժողովրդի ինքնակազմակերպելն ու անհնազանդության ակցիաներ կազմակերպելը», - ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Սահմանադրական դատարանի որոշումից հետո կորոշենք` վերցնելու ենք մանդատները, թե ոչ։ Եթե անգամ վերցնենք ու զգանք, որ մեր պայքարը խորհրդարանում արդյունք չի տալիս, սա իմ կարծիքն եմ ասում, պատռելու ենք այդ մանդատները ու դուրս գանք փողոց։ Լինի փողոցում թե խորհրդարանում, մենք շարունակելու ենք լինել ռադիկալ ընդդիմություն», – ասաց Սաղաթելյանը։

Թե ինչո՞վ է տարբերվելու այս անգամվա փողոցային պայքարը նախորդից և ինչ են անելու, որ հասարակությունն ավելի շատ ներգրավվի իրենց պայքարին, Սաղաթելյանը պատասխանեց, որ պետք է մտնել յուրաքանչյուր հայ ընտանիք, բացատրել երկրում ստեղծված օրհասական վիճակը։

Լրագրողի հարցին, թե բացի ԱԱԾ աշխատակիցների այցից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, այնտեղ այլ գործողություններ եղե՞լ են, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը պատասխանեց, որ 12 օրից ավելի է՝ մեր իշխանություններն ապօրինի թույլ չեն տալիս խտանյութի արտահանումը, ինչը բերում է վնասների․ «Չեն հասկանում, որ կանգնում է տարադրամի մուտքը Հայաստան․ այս 12 օրերին մոտ 20 մլն դոլար չի մտել Հայաստան և դա հղի է մեր երկրում տարադրամի կուրսի տատանման վտանգով»։

Եթե այսչափ ընտրախախտումներ չլինեին, Սաղաթելյանի խոսքով, պատկերն այլ կլիներ, Խորհրդարանում գուցե ավելի շատ ուժեր կհայտնվեն, մանդատների այլ բաշխում տեղի կունենար և այս իշխանությունը մեծամասնությունը չէր լինի։