Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+naxarar
A A
Հասարակություն

ԱԱԾ-ն և դատախազությունը փորձում են «մարսել» Գևորգ Լոռեցյանի գործը․ դատապաշտպան

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանն այսօր հանդես եկավ մամլո ասուլիսով:

«Նախ գործի որոշ դետալների մասին հայտնեմ, քանի որ մանրամասը հանրությանը հայտնած չի մինչ օրս։ Գևորգ Լոռեցյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականցվել այն բանի համար, որ իբր նա 13 մլն դրամ գումար էր պահանջել Հրաչիկ Քանանյանից, որի դիմաց պետք է աջակցեր նրան հայտարարված մրցույթներում հաղթելու համար։

Հետագայում հերքվեց մեղադրանքը, հաստատվեց, որ Գևորգ Լոռեցյանն որևէ աջակցություն չի ցուցաբերել Հրաչիկ Քանանյանին։ Սակայն, ԿԳՄՍ նախկին փոխնախարարին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իբր Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 մլն դրամ՝ ընդհանուր հովանավորչություն իրականացնելու համար։

Շուրջ վեց ամիս գաղտնալսում է տեղի ունեցել, իրականացվել են տարբեր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Սակայն, դրանց արդյունքում մենք չեն գտնի մեկ փաստական տվյալ, որի համաձայն՝ Գևորգ Լոռեցյանը անձամբ կամ միջնորդավորված անձի միջոցով որևէ գումար է պահանջել Հրաչիկ Քանանյանից։

Իրականում տեղի է ունեցել հետևյալը։ Գևորգ Լոռեցյանի անձնական վարորդ Էդուարդ Հովհաննիսյանը, որը երկար տարիներ է աշխատել նախարարությունում և լավ ճանաչել է Հրաչիկ Քանանյանին, բազմիցս պարտքով գումարներ է վերցրել վերջինից։ Հետագայում, երբ Հրաչիկ Քանանյանն այլևս պարտք չի տվել, Էդուարդ Հովհաննիսյանը սկսել է Գևորգ Լոռեցյանի անունից գումարներ պահանջել։ Հրաչիկ Քանանյանը սկզբից չի հավատացել, անգամ պատահաբար հանդիպել է Գևորգ Լոռեցյանին, որի ժամանակ պարզվել է, որ նա նման գումար չի պահանջել։ Սակայն, երբ հերթական անգամ Էդուարդ Հովհաննիսյանը գումար է պահանջել Քանանյանից և ինչ-որ մի գումար փոխանցվել նրան, հարուցվել է քրեական գործ։ Ձերբակալվել են նախ Հրաչիկ Քանանյանը, Էդուարդ Հովհաննիսյանը, ապա Գևորգ Լոռեցյանը։

Վարորդը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել և նշել է, որ ինքը խափելով է գումար վերցրել Հրաչիկ Քանանյանից և Գևորգ Լոռեցյանը դրա հետ կապ չունի, սակայն դատարանում նրան թույլ չեն տվել ցուցմունք տալ»։

«Ա1+»-ի այն հարցին, այդ գործում արդյոք միտում եղել է իր պաշտպանյալի նկատմամբ, Լևոն Սահակյանն ասաց․

«Դժվար թե միտում լիներ վարորդի կամ Քանանյանի կողմից, քանի որ նրանք չէին կարող պատկերացնել, որ Գևորգ Լոռեցյանը կհայտնվի փոխնախարարի պաշտոնում։ Սակայն, կարող եմ ասել, որ ԱԱԾ-ն ու դատախազությունն ունեն ինչ-որ միտում։

Քանի որ ավելորդ շտապողականություն են ցուցաբերել և ձերբակալել են Գևորգ Լոռեցյանին, վարույթ իրականացնող մարմինները մի կերպ պետք է դա «մարսեն»։ Դրա համար նրանք ոչ թե ցուցաբերեցին սկզբունքայնություն, հրաժարվեցին մեղադրանքից կամ դադարեցրին քրեական հետապնդումը, ներողություն խնդրեցին Գևորգ Լոռեցյանից, այլ հակառակը, փորձեցին ամեն կերպ պահպանել մի չնչին մեղադրանք, որ լավ, 13 մլն դրամ կաշառք չի ստացել, բայց 2 միլիոն է ստացել։ Այդպես արհեստական մեղադրանք են ներկայացնում մինչև հիմա», - ասաց փոխնախարարի պաշտպանը։

Լևոն Սահակյանը կարծում է, որ ԱԱԾ-ի և դատախազության նման մոտեցումը դատապարտված է ձախողման։ Ըստ նրա, կոպիտ խախտումներով են տեղի ունեցել նաև նախաքննությունները։

Հուլիսի 15-ին կայանալու է այս գործի հերթական դատավարությունը։ Լևոն Սահակյանը պատրաստվում է դատարանից պահանջել գործի կարճում։