Հայաստանը նահանջել է ֆուտբոլի եվրոգավաթների վարկանիշային աղյուսակում
Աջակցիր «Ա1+»-ինԱյս շաբաթ մեկնարկեցին ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլերը: Եվրոգավաթային նոր մրցաշրջանը բոլորից հաջող մեկնարկեցին Սլովենիայի ակումբները, որոնք չորս խաղում տարել են 3 հաղթանակ: Վատ չեն սկսել նոր խաղաշրջանը նաև Վրաստանի, Իսլանդիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Մալթայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Էստոնիայի, Լիտվայի ներկայացուցիչները, որոնք մեկնարկային տուրում տոնել են 2-ական հաղթանակ: Հայաստանի ակումբներն այդ խաղերում ցույց են տվել 50 տոկոսանոց արդյունք:
Մեր թիմերը չորս խաղում տարել են մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն և երկու հանդիպում ավարտել ոչ-ոքի: Դա նշանակում է, որ մեր թիմերը վաստակել են եվրոգավաթների վարկանիշային 0,50 գործակից: ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը նահանջել է երկու աստիճանով և այժմ զբաղեցնում է 41-րդ տեղը: Մեզանից առաջ են անցել Կոսովոն, Հյուսիսային Իռլանդիան ու Ալբանիան, իսկ ահա Լատվիան ետ է մնացել Հայաստանից: ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղերը կկայանան հուլիսի 13-15-ը: Հուլիսի 14-ին Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» իր հարկի տակ կընդունի Ուելսի «Կոնախ Կուեյ Նոմադսին»:
Թիմերի առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի` 2:2: Հաջորդ փուլ մտնելու համար մեր թիմին պարտադիր պետք է հաղթանակ, իսկ ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի 11մ հարվածաշարով: Հուլիսի 15-ին Հայաստանի միանգամից երեք թիմեր կանցկացնեն Կոնֆերենցիաների լիգայի պատասխան խաղերը: Երևանի «Արարատը» Գյումրիում կընդունի հունգարական «Ֆեհերվարին», որի հետ ոչ-ոքի է խաղացել Բուդապեշտում` 1:1: Երևանի «Ուրարտուն» սեփական դաշտում կփորձի ռևանշի հասնել Սլովենիայի «Մարիբորի» նկատմամբ, որին զիջել է 0:1 հաշվով առաջին խաղում: Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» կհյուրընկալվի ֆիննական «ԿուՊՍ» թիմին: Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է հայկական ակումբը: