Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հաղթեց

Սպորտ
9d7f219c2a00817a6f4c58fb480f41e2

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ հաղթանակը տոնեց Խանտի Մանսիյսկում ընթացող համաշխարհային օլիմպիադայում:

2-րդ տուրում մեր թիմը հանդիպեց Ավստրալիայի հավաքականի հետ, որն առաջին խաղում 4:0 հաշվով հաղթել էր Բահրեյնի ընտրանուն:

Այս անգամ առաջին խաղատախտակին հանդես եկավ Լեւոն Արոնյանը: Հենց նա էլ սկիզբ դրեց ավստալացիների ջախջախմանը` սպիտակներով արագ հաղթելով ազգությամբ չինացի Ժաո Յուանին: Վլադիմիր Հակոբյանը սեւերով գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց Դեյվիդ Սմերդոնի հետ:

3-4-րդ խաղատախտակներին հանդես եկող Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը լարված պայքարում հաղթեցին համապատասխանաբար Ջորջ Վենդիին ու Ստեֆան Սոլոմոնին եւ հաշիվը դարձրին 3,5:0,5:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում էլ վստահ հաղթանակ տոնեց եւ մտավ առաջատարների մեջ:

Ինչպես տեղեկացրել ենք, մեր կանանց հավաքականը 2-րդ տուրում մրցեց Չեխիայի թիմի հետ: Առաջինն ավարտվեց Տերեզա Օլսարովա - Նելլի Աղինյան պարտիան: Այն ավարտվեց մրցակցի հաղթանակով: Ապա Լիլիթ Մկրտչյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Քրիստինա Հավիլովայի հետ: Ավաղ, Լիլիթ Աղինյանը սպիտակներով զիջեց Օլգա Սիկորովային, եւ մեր թիմն այլեւս չէր կարող խուսափել պարտությունից: Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթեց Եվա Կուլովանային եւ ընդամենը կրճատեց հաշվի տարբերությունը` 1,5:2,5: