Բացել լրահոսը Փակել լրահոսը
213920205_4126607154089100_4376203944615566783_n
A A
Հասարակություն

Որոտանի գյուղապետը ձերբակալվել է․ ՔԿ

«facebook.com» կայքէջի «aravot.am» օգտատիրոջ 2021թ. հունիսի 10-ի` «Օրինական կաշա՞ռք, թե՞ ... Գորիսի համայնքի ղեկավարը համաձայն չէ» վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված նյութերով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի ղեկավարը, 2021թ. հունիսի 20-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նույն գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է գտնվել նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը: Որոտանի գյուղապետը բնակիչներին առաջարկել է սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին` երաշխավորելով, որ դրանք կբավարարվեն: Արդյունքում 31 անձինք ներկայացրել են դիմումներ, որոնք Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի՝ 09.06.2021թ. որոշմամբ բավարարվել են:

Պարզվել է, որ նշված դիմումատուների մեծ մասը հանդիսանում են Որոտանի գյուղապետի ընտանիքի անդամները:

Միևնույն ժամանակ տվյալներ են ձեռք բերվել, որ Որոտանի գյուղապետը որոշ քաղաքացիների հայտնել է, որ սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքում պետք է մասնակցել նշված ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի որոշմամբ բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքերը, առերևույթ պարունակում են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված (ընտրակաշառք տալու և ստանալու) հանցագործությունների հատկանիշներ, ուստի՝ 2021թ. հուլիսի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է նոր քրեական գործ, որն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: ՀՀ ՀՔԾ ու ՀՀ ՔԿ քննիչների կազմից ձևավորվել է քննչական խումբ:

2021թ. հուլիսի 9-ին խուզարկություններ են կատարվել Որոտանի գյուղապետի աշխատասենյակում և բնակարանում, որի ընթացքում բնակարանից հայտնաբերվել են զենք, զինամթերք, որոնց ձեռքբերման և պահելու օրինականությունը ստուգվում է:

Որոտանի գյուղապետը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին