Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

8  ընկերություններ ստացել են «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտության հավաստագրեր 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 6-ին մասնակցել է «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտների հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությանը:

Հավաստագրման հանձնաժողովի որոշմամբ «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտի կարգավիճակ են ստացել դեռևս թվով 8 ընկերություններ՝ 

  • «Եիա Ինժեներինգ», 
  • «Հայլինք Թեքնոլոջիզ», 
  • «Ինսօլ, 
  • «Ինտեգրատոր», 
  • «Ինժեներական Պլազա», 
  • «Վան Թեքնոլոջիս», 
  • «Ուրարտու Սիստեմս», 
  • «Փրոջեկտ Ինտեգրեշն»:  

 

Ինժեներական քաղաքը նախատեսվում է ապահովել առաջատար ինժեներական սարքավորումներով, հետազոտական ​​և նախատիպային լաբորատորիաներով, հաստոցաշինության և արտադրական մեքենաներով, որոնք հասանելի են ինչպես ԻՔ-ում գործող, այնպես էլ  ինժեներական  և բարձր տեխնոլոգիական ոլորտի այլ ընկերությունների համար:

 

«Ինժեներական քաղաք»-ի շուրջ 3 հեկտար հողատարածքը տեղակայված է Երևանի Նոր Նորքի Բագրևանդի փողոց 74 հասցեում։ Որպես ծրագրի արդյունք՝ նախատեսվում է ստեղծել նոր ձևաչափի էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ մշակել և իրագործել նորարարական գաղափարներ՝ տեղական ու միջազգային շուկաների համար։

 

Նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է բոլոր ընկերություններին ԻՔ-ում ռեզիդենտի հավաստագիր ստանալու կապակցությամբ և ընդգծել, որ այս ծրագիրը երկար տարիների և մեծաթիվ մարդկանց աշխատանքի, մտքի, երազանքների արդյունք է և հույս հայտնել, որ այդ ընկերությունները մասնակից կդառնան հաջորդ տասնամյակների համար նախանշված նպատակների իրականացմանը: 

 

«Հատկապես մեր գիտնականների և ինժեներների մտքի շնորհիվ մենք ունենք ինժեներական ճշգրիտ ճարտարագիտական շարժում, որի արդյունքի մի փոքր մասն այստեղ է: Եվ հենվելով այս հիմքի վրա՝ մենք սկսում են նոր շարժում, նոր գործընթաց, նոր ծրագիր, նոր ռազմավարություն, որը կոչվում է բարձր տեխնոլոգիական արտադրություն: Տասը տարի հետո մենք պետք է գնանք հաջորդ հանգրվանին, որը պետք է վերաբերի գիտությանը և գիտահետազոտությանը: Առաջիկա տարիներին մեր ամենամեծ ջանքերը ուղղված են լինելու կրթությանը. ՀՀ-ում ճարտարագիտական և բնագիտական կրթությունը պետք է լինի լիարժեք անվճար»,- նշել է Հայկ Չոբանյանը: 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ ծրագրի մասնակցության չափորոշիչներին բավարարելու և քաղաքի ռեզիդենտի կարգավիճակ ստանալու դեպքում ընկերությունները հնարավորություն կստանան նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու համապատասխան հողատարածքներ՝ իրենց գրասենյակները կառուցելու նպատակով:  Նրա խոսքով, ռեզիդենտները նաև հասանելիություն կստանան համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական ու նախատիպերի լաբորատորիաներին, արտադրական մեքենաներին ու սարքավորումներին։

 

Հավելենք, որ «Ինժեներական քաղաք»  ծրագրի ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է։

Հայտագրման պայմաններն ու այլ մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ https://www.eif.am/arm/news/engineering-city/: 

 

Տեղերը սահմանափակ են և առավելությունը կտրվի ժամանակային առումով առավել վաղ ներկայացված դիմումներին: