Բացել լրահոսը Փակել լրահոսը
1057438
A A
Քաղաքականություն

Ֆրանսիան ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը

Ֆրանսիան ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակումը ականապատման քարտեզների դիմաց։

Այս մասին Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող 15 Հայաստանի քաղաքացիների ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատման քարտեզների փոխանցումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշել է, որ սա կարևոր քայլ է լարվածության թուլացման և կողմերի միջև վստահության վերականգման ուղղությամբ։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել կողմերին կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ բովանդակային երկխոսությունը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը։

Հայտարարության մեջ նշված է, որ Ֆրանսիան վերահաստատում է Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը  նպաստելու պատրաստակամությունը։

Հուլիսի 3-ին ՀՀ կառավարությունը հայտնեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ, հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ: