Վահրամ Դումանյանը ընդունել է Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականի անդամներին և թենիսի ֆեդերացիայի ներկայացուցիչներին:
Օրերս Սկոպյեում կայացած Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու չորրորդ ենթախմբի մրցմանը մեր ընտրանին (կազմը՝ Միքայել Ավետիսյան, Սեդրակ Խաչատրյան, Հենրիկ Նիկողոսյան, Նադիր Սարգսյան, մարզիչ՝ Վահե Ավետիսյան) Ալբանիայի, Ադրբեջանի և Չեռնոգորիայի հետ պայքարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և հաջորդ տարի Դևիսի գավաթի երրորդ ենթախմբում հանդես գալու հնարավորություն ստացել:
Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել թենիսիստներին Հայաստանը պատվով ներկայացնելու և հայ ժողովրդին հպարտություն պարգևելու համար:
«Նմանօրինակ հաջողությունները հիմք են մեծ հաղթանակների համար: Դուք ձեր մրցելույթներով ոգևորում եք բազմաթիվ մարդկանց, օրինակ ծառայում նրանց համար: Սպորտում գրանցվող հաղթանակները ոչ միայն մարզիկների, այլև ժողովրդի՝ սեփական ուժերի նկատմամբ ունեցած հավատի ցուցիչ են, ուստի դուք շատ մեծ դերակատարում ունեք հայ հասարակության տրամադրությունը բարձրացնելու և նրան վստահություն ներշնչելու առումով»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը:
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի ներկայացուցիչներից Վահրամ Դումանյանը նաև հետաքրքրվել է հավաքականի առաջիկա ծրագրերից, քննարկել մեր երկրում մարզաձևի առավել մասսայականացման և զարգացման հեռանկարները: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ նախարարությունը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը՝ համատեղ ուժերով առկա խնդիրները լուծելու համար:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և որպես հաղթական հուշանվեր ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարին նվիրել են Դևիսի գավաթի գնդակ՝ իրենց ստորագրություններով:
ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայություն