Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հրաժարվում են տուրիստական փաթեթներից, երբ պատվաստվելու պարտադիր պահանջ է լինում (տեսանյութ)

Լիբանանահայ Ալինան արդեն 5-րդ անգամ արձակուրդն անցկացնում է Հայաստանում, ասում է՝ դոլար օգտագործելու համար էժան է այստեղ, բայց եթե մարդն ապրի և դրամ օգտագործի, դժվար է ապրելը։

Այն, ինչ ասում է զբոսաշրջիկը, հաստատում են զբոսաշրջային գործակալություններում,  հայաստանցիները նախընտրում են արձակուրդներն անցկացնել Եգիպտոսում, քան՝ Հայաստանում։

Պատճառը Հայաստանում առաջարկված բարձր և Եգիպտոսի՝ ցածր ու ամբողջական փաթեթներով արժեքներն են, նշում է «Rima Travel» տուրիստական գործակալության հիմնադիր տնօրեն Ռիմա Խաչատրյանը։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս  տարի պահանջարկ չունի  վրացական ծովափը։ Ըստ գործակալների՝ 90%-ը հրաժարվում է Վրաստան գնալուց ու պակասել են անգամ հարցումների թվերը։

Գլխավոր պատճառը քովիդի թեստերն են, որոնց համար մոտ 100 դոլար հավելյալ գումար պետք է վճարել

«Շատ քաղաքացիներ խուսափում են պատվաստումից եւ հրաժարվում են անգամ չվերթից։ Շատ քաղաքացիներ անգամ դիմում են մեզ եւ ասում են՝ եթե պատվաստում լինի, ապա պետք է մեր փաթեթը չեղարկենք։ Անգամ վաճառված փաթեթները պետք է չեղարկենք», - ասաց Ռիմա Խաչատրյանը։

Հայաստանում օրեցոր ավելանում են զբոսաշրջիկները։ Մեծ է Ռուսաստանից եկողների թիվը․

«Կա որոշակի տեղեկություն, որ եվրոպական երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, Հայաստանը քովիդի վտանգավոր երկրների ցանկից իջել է արդեն ոչ ռիսկային երկրների ցանկ», - ասաց «Armenia Travel» ընկերության զարգացման և տեխնոլոգիաների գծով տնօրեն Արմեն Գրիգորյանը։

Նշենք, որ այսօրվանից՝ հուլիսի 1-ից,  ԵՄ անդամ  պետությունները   բացում են սահմանները Հայաստանի քաղաքացիների համար: Սա ենթադրում է, որ նաեւ կավելանան դեպի Հայաստան չվերթները։

Բայց, ըստ մասնագետների, շատ դժվար կլինի հասնել այն թվին, որը կար մինչեւ համավարակը եւ պատերազմը։

2019թ Հայաստան է այցելել  1.894.377 զբոսաշրջիկ։  2020 թվականին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են  ընդամեն 375 216, նվազումը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է շուրջ 80 %: