Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro 28.06.
A A
Սպորտ

Եվրո-2020, 16-րդ օր․ Խորվաթիան ընդդեմ 6 գոլ խփած Իսպանիայի

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնությունում այսօր հայտնի կդառնան քառորդ եզրափակիչ փուլի հերթական երկու մասնակիցները։ Առաջին ուղեգրի համար պայքարի մեջ կմտնեն Խորվաթիայի և Իսպանիայի հավաքականները։ Երկու թիմերը փլեյ-օֆֆ են մտել խմբային փուլի վերջին խաղում տարած միակ հաղթանակի շնորհիվ։ Խորվաթները 3։1 հաշվով պարտության են մատնել Շոտլանդիային, իսկ իսպանացիները 5։0 հաշվով ջախջախել են Սլովակիային։

Այն, թե ում կհաջողվի շարունակել հաղթարշավը, պարզ կդառնա այսօր նախատեսված խաղից հետո։ Իսպանիայի հավաքականը նախկինում չորս անգամ առավելության է հասել Խորվաթիայի նկատմամբ, ընդ որում հաղթական վերջին խաղում իսպանացիները խփել են 6 անպատասխան գոլ։ Խորվաթները ընդամենը երկու անգամ են կարողացել կոտրել իսպանացիների դիմադրությունը, այդ թվում Եվրոպայի 2016թ առաջնության խմբային փուլում։

Օրվա երկրորդ խաղում Ֆրանսիայի հավաքականը Բուխարեստում կհանդիպի Շվեյցարիայի հետ։ Երկու թիմերն էլ առաջնությունում առայժմ մեկական հաղթանակ են գրանցել, սակայն ֆրանսիացիներն իրենց խմբում 5 միավորով գրավել են 1-ին տեղը, իսկ շվեյցարացիները 4-ով զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։ Ֆրանսիայի ընտրանին ոչ մի անգամ չի պարտվել Շվեյցարիային խոշոր մրցաշարերում, սակայն կայացած 6 խաղից 4-ում արձանագրվել է ոչ-ոքի արդյունք։ 2016թ Եվրոպայի առաջնությունում կողմերը գոլազուրկ ոչ-ոքի են խաղացել։