Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ընտրական օրացույց. 5 օր անց. Արամ Սարգսյանը հրաժարվում է մանդատից (տեսանյութ)

1995-ի խորհրդարանի ընտրությունների արդյունքները հրաժարվում է ճանաչել Հայաստանի Կոմկուսը՝ գտնելով, որ հայտարարված թվերը լոկ «աղայական նվիրատվություն են և չեն արտացոլում համաժողովրդական սերը կոմկուսի հանդեպ»:

Ընտրություններից 5 օր հետո հրապարակվում է  ԱՄՆ Պետքարտուղարության մտահոգությունը Դաշնակցության կասեցման առիթով:

Իսկ ԱՄՆ 1-ին արտակարգ և լիազոր դեսպան Հարրի Գլիմորը Հայաստանին հրաժեշտ տալու առիթով կազմակերպված ճաշկերույթում ասում է, որ պետք է գիտակցել, որ ամբողջատիրությունից անմիջապես հնարավոր չէ անցնել ժողովրդավարությանը:

ԿԸՀ-ն հրապարակում է քվեարկության ամփոփ արդյունքները, որից պարզ է դառնում, որ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի «Միասնություն» դաշինքը խորհրդարանում կունենա 50 տոկոսից ավելի տեղ: Անկուսակցական պատգամավորների հաշվին դաշինքը կարող է տիրապետել խորհրդարանի 2/3-րդ տեղերին:

Ի դեպ, այս խորհրդարանը առաջին անգամ կգործի արհեստավարժության սկզբունքով՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել պետական որեւէ պաշտոն կամ կատարել վճարովի աշխատանք՝ ստեղծագործական, գիտական եւ մանկավարժական աշխատանքից բացի: Չնայած այն բանին, որ ԿԸՀ-ն արդեն հրապարակել է ընտրությունների պաշտոնական արդյունքները, 20-րդ ընտրատարածքում արդյունքներն ամփոփված չեն:

Այս ընտրություններում անսպասելի էր ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանի հաղթանակը խորհրդարանի ղեկավար Խոսրով Հարությունյանի եւ Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանի նկատմամբ: Չնայած դրան, ԱԺՄ-ն խորհրդարանում կունենա 5 տեղ:

Իսկ «Միասնության» մասին նա առանձնապես մեծ կարծիքի չէ՝ այնտեղ գաղափարախոսություն չկա՝ փողատերեր են եւ նախկին եւ ներկա նոմենկլատուրան:

 1999-ի ընտրություններից հինգ օր հետո Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովն որոշում է չեղյալ համարել 15-րդ ընտրատարածքի քվեարկության արդյունքները: Որոշ տեղեկություններով այստեղից պատգամավոր դարձած Սամվել Ավետիսյանը ընտրակաշառք է բաժանել: Վստահված անձինք ասում են, որ մարզային ընտրական հանձնաժողովը այս գիշերվա նիստում որոշում է  ճանաչել Սամվել Ավետիսյանի հաղթանակը: 

1999-ի խորհրդարանի ընտրությունների օրը 93 դատավոր կայացրեց 22 հազար վճիռ,-լրագրողներին ասում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա ուրախ է, որ Հայաստանում անկախացել է դատական համակարգը, որն արդեն իրեն՝ նախարարին էլ չի ենթարկվում :

Հայաստանում 20-րդ դարի վերջին ընտրություններն իրենց հետքն են թողել մայրաքաղաքի շենքերի պատերին՝ Կուսակցությունների եւ թեկնածուների նախընտրական պաստառներն, ըստ Ընտրական օերնսգրքի եւ Երեւանի քաղաքապետի որոշման, չպետք է հայտնվեին շենքերի պատերին: Պահանջի կատարմանը պետք է հետեւեին թաղապետարանները:   Ֆրանսիայի դեսպան Միշել Լեգրանն ուրախ կլիներ, եթե 1999-ի խորհրդարանի ընտրությունների քարոզարշավին քաղաքական բանավեճեր շատ լինեին: Երեւանի մամուլի ակումբն ասում է՝ բանավեճեր եղել են, պարզապես իրար վրա ջուր չեն լցրել, ինչպես դա պատահել է Ռուսաստանում:

1999-ընտրությունների ընտրական հանձնաժողովների աշխատանքներից դժգոհ են եւ կուսակցությունները, եւ թեկնածուները: Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովը դեռ նախորդ օրը պետք է ամփոփած լիներ քվեարկության արդյունքները, սակայն ընտրություններից 5 օր հետո դեռ շարունակվում է հանձնաժողովի աշխատանքը, եւ դեռ ուսումնասիրվելու են 20 եւ 22-րդ ընտրատարածքների արդյունքները :

Դաշնակցական Արծվիկ Մինասյանը չի ընդունում 30-րդ ընտրատարածքում 2003-ի խորհրդարանի ընտրությունների արդյունքները: Ըստ նրա, լցոնումներ, բաց քվերակություններ ու այլ խախտումներ տեղի են ունեցել 15 բնակավայրերում, նրա ներկայացմամբ իրական ընտրություն կատարվել է մինչեւ ժամը 12.00, իսկ Բամբակաշատում 8.30 սկսած տեղի է ունեցել բաց քվեարկություն: Խոսրով Հարությունյանը համոզված է, որ իր ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության իրական համակիրների թիվը 40 հազար է: Նրա կուսակցությունը 2003-ի ընտրություններում հավաքել է մոտ 8 հազար ձայն: 40 հազար քվեից զրկելու իրական արձագանքն, ըստ Հայաստանի նախկին վարչապետի, այն է, որ «արդեն բարձրացել են հացի գները»: Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը դադարեցնում է Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ֆինանսավորումը:

Կենտրոնի գիտական ղեկավար Թաթուլ Մանասերյանի խոսքերով, «Լինսը» ֆինանսավորումը դադարեցրել է քաղաքական պատճառներով ՝ հետեւելով Հայաստանի իշխանությունների հորդորներին: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը 2007-ի խորհրդարանի ընտրություններից 5 օր հետո պաշտոնապես հայտարարում է, որ մասնակցելու է 2008 թվականի նախագահական ընտրություններին: Կարապետյանը ասում է, որ եթե կարողանա լուծել վստահված անձինք ունենալու հարցը, ապա 2008-ի ընտրություններում իր «հաղթելու խնդիրը լուծված կլինի»: Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն 2007-ի ընտրություններից 5 օր հետո բացատրում է, թե ինչու ընդդիմությունը պարտվեց: Ըստ նրա, հաղթել են այն ուժերը, որոնք ժամանակ չեն վատնել պոպուլիստական հայտարարությունների, ասուլիսների ու հեռուստաելույթների վրա: Վարդան Օսկանյանը համոզված է, որ 2012-ի ընտրություններից հետո խորհրդարանում ջախջախիչ մեծամասնություն ունեցող Հանրապետականը պետք է միայնակ ձեւավորի կառավարությունը: Հայ Ազգային Կոնգրեսը համոզված է, որ արդար ընտրությունների պարագայում 2012-ի խորհրդարանում ինքը կստանար 50 պատգամավորական մանդատ:

Գողացված 43 մանդատը հետ բերելու համար ՀԱԿ-ը դիմում է Սահմանադրական դատարան, սակայն չի պատրաստվում դատարանի վրա ազդել փողոցային պայքարի ճանապարհով: 2012-ի ընտրություններից 5 օր հետո Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է 1 միլիոն դրամով տուգանել «Կենտրոն» հեռուստաընկերությանը այն պատճառաբանությամբ, որ ընտրությունների օրը «Կենտրոնը» Հանրապետականի դեմ հակաքարոզչություն է արել Լեւոն Զուրաբյանի հետեւյալ կոչով:  

ՀԱԿ դաշինքով պատգամավոր դարձած Արամ Սարգսյանը վստահեցնում է, որ ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, իր մանդատից չի հրաժարվում ինչ-որ մեկին պատգամավոր դարձնելու համար: Նրա որոշումը քաղաքական է՝ ինքը դեռ նախորդ տարվա գարնանից տարաձայնություններ ունի Կոնգրեսի հետ: Իսկ նոր Ազգային Ժողովն էլ այն հարթակը չէ, որտեղ օրենսդիր գործունեություն է իրականացվելու:

2012-ի ընտրություններից 5 օր հետո կրքեր են եռում Վանաձորում՝ պատգամավորության թեկնածու Վիկտոր Դալլաքյանը 30-րդ ընտրատարածքի հանձնաժողովին է դիմում հաղթած թեկնածու Էդմոն Մարուքյանի գրանցումն անվավեր ճանաչելու համար, քանի որ Մարուքյանը վերջին 5 տարում Հայաստանում չի բնակվել: Հանձնաժողովը մերժում է Դալլաքյանի դիմումը: