Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սահմանադրական_դատարան
A A
Հասարակություն

Ինչպես է ՍԴ–ն լուծում ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերը

ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը ներկայացրել է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծման կարգը Սահմանադրական դատարանում։

«Սահմանադրական դատարան կարող են դիմել ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները՝ արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 5-րդ օրը, մինչև ժամը 18։00-ն։ Այնուհետև Սահմանադրական

դատարանի աշխատակազմը ստուգում է դիմումի համապատասխանությունը ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին»,– գրել է նա։

Թովմասյանի խոսքով` եթե դիմումն ըստ ձևի չի համապատասխանում այդ պահանջներին, ապա դիմողը դիմումը մուտքագրելուց հետո 24 ժամվա ընթացքում տեղեկացվում է այդ մասին, որից հետո 3-օրյա ժամկետում դիմողը կարող է վերստին դիմել Սահմանադրական դատարան՝ համապատասխանեցված դիմումով։

Այն դեպքում, երբ դիմողը սահմանված ժամկետներում վերստին չի դիմում Սահմանադրական դատարան՝ ներկայացնելով օրենքի պահանջներին համապատասխանեցված դիմումը, Սահմանադրական դատարանի աշխատակազմը դիմումը մեկօրյա ժամկետում վերադարձնում է դիմողին՝ բողոքարկման կարգի մասին նշումով։

Դիմողը կարող է 3-օրյա ժամկետում բողոքարկել դիմումը վերադարձնելը։ Այս հարցով որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի 3 դատավորների կազմով՝ ոչ ուշ, քան բողոքը ներկայացվելուց 1 օր հետո։

«Եթե դիմումն ըստ ձևի համապատասխանում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին կամ դիմումը համապատասխանեցվել և վերստին ներկայացվել է Սահմանադրական դատարան, ապա սկսվում է դիմումի նախնական ուսումնասիրման փուլը, որը պետք է ավարտվի ոչ ուշ, քան Սահմանադրական դատարանի աշխատակարգի 27-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված ժամկետում: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանի աշխատակարգային կամ Սահմանադրական դատարանի նախագահի որոշմամբ կարող են սահմանվել դիմումի նախնական ուսումնասիրման այլ ժամկետներ»,–հայտնել է Թովմասյանը։

 

Նշվում է, որ դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում ընդունելիս ՍԴ նախագահը հաշվի է առնում տվյալ գործի քննության համար ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետը։

Դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացնող Սահմանադրական դատարանի դատավորի կողմից նախնական ուսումնասիրման արդյունքներով կազմվում է հաղորդում գործը քննության ընդունելու` ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջների պահպանվածության վերաբերյալ, որն ուղղվում է Սահմանադրական դատարանի նախագահին։

Հաղորդումը ստանալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահը ողջամիտ ժամկետներում հրավիրում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ գործը քննության ընդունելու հարցը լուծելու նպատակով:

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի լուծման գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

 

Որպես պատասխանող կողմ՝ դատավարությանը ներգրավվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի լուծման գործերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.

 

1) Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ.

 

2) անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և

 

ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,

 

բ. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները եւ սահմանել մանդատների բաշխման կարգը,

 

գ. նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:

Սահմանադրական դատարանը Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերով որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծումը սահմանված է Հայաստանի Հանրապետության «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով։