Բացել լրահոսը Փակել լրահոսը
204769638_336964204607179_1727354300219242072_n
A A
Պաշտոնական Հասարակություն

Վերակառուցվում է Երևանի 116-րդ դպրոցը

1976 թվականին կառուցված Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի 116-րդ դպրոցը գտնվում էր վթարային վիճակում։ Սեյսմիկ նորմերին չբավարարելու և հնարավոր վտանգների պատճառով վերջին տարիներին դպրոցի` տարրական դասարանների աշակերտներին տարհանել էին և առավել վտանգավոր մասնաշենքում  դադարեցրել աշխատանքը։ Շենքը առհասարակ հարմարեցված չէր ներառական կրթության համար, իսկ խարխլված հիմքերն օրեցօր ավելի վտանգավոր էին դառնում դպրոցում սովորող 549 աշակերտի համար։

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով ակտիվ ընթացքի մեջ  են դպրոցի հիմնովին վերակառուցման աշխատանքները։   ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է շուրջ 1 միլիարդ 365 միլիոն դրամ, որով հնարավոր կդառնա ժամանակակից պահանջներին համապատասխան շենքի կառուցումը։ Դպրոցը սեյսմակայույն կլինի մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, հանդիսությունների սրահ, մարզադահլիճ։

Շինարարական աշխատանքներով պայմանավորված` 116 դպրոցի գործունեությունը շարունակվում է հարևան 152 դպրոցում՝ երկրորդ հերթափոխով, որի պատճառով աշակերտների թիվը պակասել է ընդամենը տասով, սպասվում է, որ շենքի վերակառուցումից հետո դպրոց հաճախող երեխաների թիվը կավելանա ավելի քան հարյուրով։ Նոր կառուցվող շենքը նախագծվել է 648 աշակերտի համար։

ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայություն