Բացել լրահոսը Փակել լրահոսը
204780398_4789100014451751_8342057814243649937_n
A A
Հասարակություն

Անցկացվել է Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների երկրորդ համաժողովը

2021 թ. Հունիսի 22-ին Մատենադարանում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ տիկին Ժաննա Անդրեասյանի ներկայությամբ մեկնարկեց Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների ասոցիացիայի կողմից կազմակերպված Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների երկրորդ համաժողովը:

 

Դեսպանության նախաձեռնությամբ ամբողջ հանրապետությունից ֆրանսերենի շուրջ 100 ուսուցիչ` հայկական դպրոցներից և համալսարաններից, մասնավոր կենտրոններից և ասոցիատիվ կենտրոններից, համախմբվել էին` մտքեր փոխանակելու Հայաստանում ֆրանսերենի դասավանդման ոլորտում առկա մարտահրավերների ու հնարավորությունների շուրջ:

 

Շնորհակալություն հայտնելով Մատենադարանի տնօրեն պարոն Վահան Տեր-Ղևոնդյանին գրի և հիշատակի խորհրդանշական վայր հանդիսացող այդ վայրում Համագումարը հյուրընկալելու համար, Ֆրանսիայի դեսպանը բարձր գնահատեց ուսուցիչների՝ նախ կորոնավիրուսի, ապա պատերազմի պատճառով դժվարությունների պայմաններում ուսումնական գործընթացում նրանց ցուցաբերած ստեղծագործական մոտեցման և ամենօրյա նվիրվածության համար:

 

Դեսպանը ողջունեց դեսպանության և Կրթության նախարարության միջև առկա համագործակցությունը` նշելով, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններում այս ոլորտը կարևոր տեղ է զբաղեցնում:

 

Ողջունելով ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարաններով դպրոցների հաջողությունը՝ դեսպանը նշեց, որ այս ծրագրի զարգացումը դեսպանության առաջնահերթությունների թվում է: Նա ասաց, որ հաջորդ ուսումնական տարվանից, նման դասարանների ստեղծում նախատեսվում է Երևանի, Գյումրու և Հրազդանի երեք ավագ դպրոցներում և չորս նոր քոլեջներում: Նա ընդգծեց հայ երեխաների լեզուների իմացությունը՝ նշելով, որ շատ վաղ տարիքից այս երեխաներն արդեն տիրապետում են մի քանի լեզուների, նույնիսկ երեք այբուբենի:

 

Ժոնաթան Լաքոտը հիշերեց, որ դեսպանությունն աշխատում է Հայաստանում ֆրանսիական մշակութային կենտրոնի` Ֆրանսիական ինստիտուտի ստեղծման ուղղությամբ, որը տեղակայվելու է ապագա “Ազնավուր կենտրոն”-ում: Դեսպանը ողջունեց Հայաստանում գործող ֆրանսիական կրթական հաստատությունների` Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հաջողությունը և նշեց, որ վերջիններս կայուն աճ են գրանցում:

 

Դեսպանը նաև հարգանքի տուրք մատուցեց Մարտին Փաշայանին, ով մեզ լքեց մարտին, բայց ում օրինակը կշարունակի ոգեշնչել գալիք սերունդներին: Ֆրանսերենի ուսուցիչ Մարտին Փաշայանի կյանքը գլխիվայր էր շուռ եկել 1988 թ. դեկտեմբերի 7-ին: Այդ օրը նա կորցրել էր կնոջն ու երեխաներին, աշակերտներն, նրա դպրոցը փլուզվել էր երկրաշարժի պատճառով: Դեսպանը նշեց, որ Փաշայանը ոչ միայն վերակառուցել էր իր կյանքը, այլ նաև իր դպրոցը` Գյումրու թիվ 10 դպրոցը: Դեսպանը հիշեցրեց, որ Ֆրանսիայի և ֆրանսերենի առաջխաղացման համար իր գործունեության համար նա պատիվ ունեցավ 2020 թ. մայիսի 15-ին Մարտին Փաշայանին Գյումրիում շնորհել Ֆրանսիայի Հանրապետության «Ակադեմիական արմավենի» սպայի շքանշանը:

 

Ժոնաթան Լաքոտը նաև շնորհակալություն հայտնեց Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի տնօրեն տիկին Սյուզան Ղարամյանին ֆրանսերենի դասավանդմանը նրա 20-ամյա նվիրվածության համար: Նա ընդգծեց Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի դերը երկրում ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման գործում:

 

Դեսպանը ուսուցիչներին հավաստիացրեց, որ դեսպանությունը ավելի քան երբևէ մնում է իրենց տրամադրության տակ:

 

Ողջունելով մասնակիցներին ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ տիկին Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց լեզուների ուսուցման հայկական ուսումնական ծրագրում նոր ուսումնական պլաններն ու չափորոշիչները՝ շեշտելով, որ նախարարությունը կարևորում է օտար լեզուների ուսուցման որակը:

 

Դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն իր հերթին ներկայացրեց դեսպանության ծրագրերը ֆրանսերենի ոլորտում, նշեց, որ դեսպանատունն աշխատում է ֆրանսիացի ուսուցիչների` Ֆրանսիայում վերապատրաստման դասընթացներին հետևելու հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ: Նա ներկայացրեց ֆրանսերենի ուսուցիչների սոցիալական ցանց «Ifprofs» հարթակը, և հորդորեց ուսուցիչներին գրանցվել և ակտիվ պահել Հայաստանին նվիրված էջը (https://ifprofs.org/am):

 

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) ղեկավար Էմանուել Սամսոնը, որն աջակցում է ֆրանսերենի ուսուցիչների ամենամյա վերապատրաստման սեմինարին, ներկայացրեց CREFECO- ի գործունեությունն ու ծրագրերը և հրավիրեց ուսուցիչներին մասնակցելու կազմակերպության ծրագրերին:

 

« Դասարան » հարթակի տնօրեն Սուրեն Ալոյանը նույնպես ելույթ ունեցավ և ներկայացրեց այս հարթակում ֆրանսերենի դասընթացների ծրագիր ստեղծելու նախագիծը: