Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro (1)
A A
Սպորտ

Եվրո-2020, 11-րդ օր. հինգ հավաքականներ պայքար կմղեն փլեյ-օֆֆի ուղեգրերի համար

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնությունում այսօր կկայանա 3-րդ տուրի չորս հանդիպում: Նախ պայքարի մեջ կմտնեն C խմբի թիմերը: Նիդեռլանդների հավաքականը, որն արդեն ապահովել է իր տեղը փլեյ- օֆֆում, Ամստերդամում կընդունի խմբի հետնապահ Հյուսիսային Մակեդոնիային, որը ժամանակից շուտ դուրս է մնացել հետագա պայքարից: Նիդեռլանդցի ֆուտբոլիստները նախկինում երբեք չեն պարտվել հյուսիսմակեդոնացիներին, առավել ևս սեփական դաշտում:

Զուգահեռ ընթացող խաղում միմյանց հետ կհանդիպեն Ուկրաինայի և Ավստրիայի հավաքականները: Ուկրաինացիներին հարկավոր է վաստակել ընդամենը մեկ միավոր, որպեսզի գրավեն 2-րդ տեղը և նվաճեն փլեյ-օֆֆի ուղեգիր: Ավստրիացիներին ձեռք է տալիս միմիայն հաղթանակը: Սա երկու թիմերի առաջին պաշտոնական խաղն է: Նախկինում կայացած ընկերական 2 հանդիպումներում կողմերը տոնել են մեկական հաղթանակ:

Այնուհետև տեղի կունենան B խմբի վերջին խաղերը: Խմբի առաջատար Բելգիան Սանկտ Պետերբուրգում կհանդիպի մրցաշարի նորեկ Ֆինլանդիային: Բելգիացիներին այս խաղում հարկավոր է վաստակել մեկ միավոր 1-ին տեղն ամրագրելու համար: Ֆինները պետք է անպայման հաղթանակ տանեն, որպեսզի հավակնեն փլեյ-օֆֆի ուղեգրերից մեկին: Ֆինլանդիայի հավաքականը միշտ էլ բարդ մրցակից է եղել Բելգիայի ընտրանու համար: Բելգիացիները սկանդինավներին վերջին անգամ հաղթել են 1968 թվականին:

Դրանից հետո կայացած 7 հանդիպումներում 4 անգամ հաղթել են ֆինները, իսկ երեք խաղ ավարտվել է ոչ-ոքի: Զուգահեռ ընթացող խաղում Դանիայի ընտրանին սեփական դաշտում կընդունի Ռուսաստանի հավաքականին: Դանիացիներին հարկավոր է անպայման հաղթել երկու գնդակի տարբերությամբ, որպեսզի հավակնեն փլեյ-օֆֆի ուղեգրին: Ռուսները անկասկած հաջորդ փուլ կմտնեն, եթե այս խաղում վաստակեն 3 միավոր: Թիմերը նախկինում միայն մեկ անգամ են իրար հետ հանդիպել: 2012թ կայացած ընկերական խաղում Ռուսաստանը հաղթել է 2:0 հաշվով: Այսօրվա խաղերը տեղի կունենան ժամը 20-ին և 23-ին: