Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

44-օրյա պատերազմում ՀՊՏՀ-ն կորցրել է իր 28 ուսանողներին

Թատերագիր Անահիտ Աղասարյանի և դերասանուհի-բեմադրիչ Տաթևիկ Ղափլանյանի «Իմ անուշ տղա» պիեսի բեմադրությունն այսօր Տնտեսագիտական համալսարանում թատերական իրադարձության վերածվեց, ոգեկոչեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը և հանդիսատեսին նվիրեց հիացումի ու հպարտության զգացումներ:

Անդրադառնալով բեմադրության մտահղացմանն ու իրագործմանը՝ ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, դոցենտ Լիլիթ Դադայանը նշում է. «Տարիներ առաջ եմ դիտել Տաթևիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ անուշ տղա»-ն՝ նվիրված նրա որդու հիշատակին: Հուզիչ էր, ազդեցիկ, լուսավոր և մինչև հոգու խորքը ցնցող: 44-օրյա պատերազմում ՀՊՏՀ-ն կորցրեց իր 28 ուսանողներին: Տղաների հիշատակին նվիրված միջոցառումների շարքում առաջին մտահղացումս այդ ներկայացումը կյանքի կոչելն էր: Բեմադրությունը որդուն կորցրած մոր տառապանքների, հերոսացումի ու լավատեսության  մասին է: Հույս ունեմ՝ պատերազմի արհավիրքով անցած մեր որդեկորույս մայրերի  հոգիներում այն ապրելու ցանկություն կառաջացնի»:

Ներկայացումն ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ: ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը շնորհակալություն հայտնեց դերակատար ուսանողներին, Լիլիթ Դադայանին՝ հրաշալի բեմադրության համար, ինչպես նաև՝ ներկայացմանը ներկա՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ նշելով, որ դերակատարներից մեկը այդ ինստիտուտի ուսանող է: Ռեկտորը նաև երախտագիտության խոսք հղեց թատերագիր Անահիտ Աղասարյանին:

«Պատերազմի ավարտից հետո մի քանի միջոցառում ենք նվիրել մեր զոհված ուսանողներին, այսուհետ ևս, անկախ նրանից, թե ինչ ձևաչափով կկազմակերպենք, նորից, ինչպես այս ներկայացումը, կլինի մեր խոնարհումը նրանց հիշատակի առջև և մեր հավաստիացումը՝ տղաները հավերժ մեր սրտերում են»,- ասաց Դիանա Գալոյանը:

 

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին