Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess jermuk
A A
Սպորտ

Մանուէլ Պետրոսյանը` շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող

Ջերմուկում ավարտվեց շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը:

 

Վերջին, 9-րդ տուրում, հաղթանակ տարավ միայն Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, որը պարտության մատնեց 1-ին տեղի համար պայքարող ռուսաստանցի գրոսմայստեր Դավիթ Պարավյանին:

 

Մրցաշարի երկու առաջատարները` Մանուէլ Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը, ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ և վաստակեցին 5,5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով հուշամրցաշարի հաղթող ճանաչվեց արցախցի շախմատիստը:

 

Երեք հոգի միանգամից վաստակեցին 5-ական միավոր: Մրցանակային 3-րդ տեղը բաժին հասավ Արամ Հակոբյանին, որը լրացուցիչ ցուցանիշով առաջ անցավ Սամվել Տեր-Սահակյանից ու Տիգրան Հարությունյանից:

 

Վեցերորդ տեղը 4,5 միավորով միայնակ զբաղեցրեց Դավիթ Պարավյանը, իսկ Հովհաննես Գաբուզյանն ու ամերիկահայ Սամուել Սևյանը բոլոր առումներով կիսեցին 7-8-րդ տեղերը:

 

Իր հնարավորություններից ցածր հանդես եկավ երիտասարդ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը վերջերս նվաճեց շախմատի աշխարհի գավաթի ուղեգրերից մեկը: Նա 3,5 միավորով գրավեց նախավերջին 9-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը եզրափակեց միակ միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը, որը 9 հնարավորից վաստակեց ընդամենը 3 միավոր:

 

Նշենք, որ առաջին երկու տեղերը գրաված շախմատիստները կստանան 900 հազարական դրամ պարգևավճար: