Բացել լրահոսը Փակել լրահոսը
1052392
A A
Քաղաքականություն

Ժոզեֆ Բորելը դիմում է Երեւանին եւ Բաքվին

Եվրամիությունը ողջունում է այն գործողությունները, որոնք ձեռնարկել են Հայաստանը և Ադրբեջանը ՝ Վրաստանի միջնորդությամբ, - հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։

Նա արձագանքել է 15 հայ գերիների հայրենիք վերադարձին՝  ականապատված տարածքների քարտեզի դիմաց։

«Սրանք Բաքվի և Երևանի կողմից մարդասիրական և վստահության կառուցման կարևոր ժեստեր են, որոնք, հուսով եմ, կբացեն կողմերի հետագա համագործակցության ուղին և  կբերեն բոլոր հայ կալանավորվածներին վերջնական ազատ արձակմանը, ինչպես նաև ականապատ տարածքների բոլոր քարտեզների հանձնմանը ՝ հետագա քաղաքացիական զոհերից խուսափելու համար»,- նշել է  նա։

Ըստ նրա՝ Եվրամիությունը և միջազգային այլ դերակատարներ ակտիվորեն խրախուսել են քայլերն այս ուղղությամբ։

ԵՄ –ն խոստանում է շարունակել նպաստել հակամարտության կայուն և համապարփակ կարգավորմանը եւ  կրկնում է կոչը Հայաստանին և Ադրբեջանին ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո վերսկսել առարկայական բանակցությունները։