Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց հունիսի 11-ը. Գործին խառնվում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ով եկել էր ՆԳՆ Վանո Սիրադեղյանի հետ (տեսանյութ)

1997-ի հունիսի 11-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն Ազգային Ժողովում ներկայացնում էր զինապարտության մասին օրենքը ։ Ազգային Ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանն ուներ օրենքի իր նախագիծը, ըստ որի բուհերի ուսանողները պետք է զորակոչվեն ուսումն ավարտելուց հետո։ Վազգեն Սարգսյանն առաջարկում էր բանակ զորակոչել 18 տարին լրացած բացառապես բոլոր երիտասարդներին։ Բաբկեն Արարքցյանի կողմնակից Խոսրով Հարությունյանը համաձայն չէ՝ դուք ուսանողների հաշվին բանակի հարց եք լուծում։ Օրենքի շուրջ կրքեր են եռում եւ հիմնական թիրախը ուսանողությունն է  Վազգեն Սարգսյանն իրենն է պնդում՝ մենք քնած պատերազմական իրավիճակում ենք, եթե Ադրբեջանը մի փոքր թուլացում նկատի մեր բանակում, կհարձակվի։ Բացի դրանից, բանակը կրթական ոլորտը կմաքրի պատահական ուսանողներից։ Քվեարկությունից անմիջապես առաջ Ազգային Ժողովի նախագահը հիշեցնում է՝ եթե ուսանողությունը բանակ գնաց, 15 տարի հետո մենք նորմալ կրթված երիտասարդություն չենք ունենա։ Վազգեն Սարգսյանը կիրառում է իր ձիու քայլը՝ Ազգային Ժողովին խնդրում է 5 րոպեանոց փակ նիստ, որի ժամանակ բանակի վիճակի մասին ներկայացնում է գաղտնի տվյալներ։ Գործին խառնվում է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն Ազգային Ժողով էր եկել ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի հետ։ Նախագահը պաշտպանում է Վազգեն Սարգսյանին եւ առաջարկում նրա ներկայացրած օրենքը կիրառել 98 թվականից։ Ի վերջո 110 կողմով ընդունվում է Վազգեն Սարգսյանի նախագիծը։ Բաբկեն Արարքցյանն ակնարկում է պատգամավորների վրա կողմնակի ազդեցության մասին, որից հետո հրաժարական է տալիս։ Խորհրդարանը մերժեց նրա հրաժարականը

1998-ի հունիսի 11-ին «Հայկական ավիաուղիների» օդանավային շարժակազմը համալրվում է առաջին Էյրբասով։ Այն վարձակալվել է հենց մայր ընկերությունից 5 տարի ժամկետով։ Վարձակալման գումարները տարբեր աղբյուրներով տատանվում են 230 հազարից մինչեւ 700 հազար դոլարի միջեւ։ Էյրբասի առաջին վայրէջքը նախատեսված է հուլիսի 3-ին։

1999-ի այս օրը Հայաստանի արտգործնախարարությունը տեղափոխվում է նոր շենք ։ Հյուրերին անձամբ է դիմավորում արտգործնախարար Օսկանյանը։ Նախարարություն է ժամանում նախագահ Քոչարյանը, փոխարենը չեն գալիս վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը

 2000 թվականին Հայաստանում մեծ աշխուժությամբ իրականացվում է «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագիրը։ Հունիսի 11-ին հերթը ուջանցի 35 գործազուրկներինն է, որոնք 15 տարի չմշակված այս հողատարածքները ջրով ապահովելու համար ջրագծի ակոս են փորում, ինչպես նաեւ հողը դարձնում են մշակովի։ Այս աշխատանքի համար երկու ամիս նրանց տրվելու է ալյուր, շաքարավազ, ձեթ, ձկան պահածոներ

2002-ի այս օրը Ազգային Ժողովում արտակարգ իրադրություն է՝ ընդդիմությունը շրջափակել է խորհրդարանի ամբիոնը։ Ժամանակ առ ժամանակ իշխանությունն այն մոտենում է ամբիոնի մատույցներին, որպեսզի գրավի այն եւ տապալի ընդդիմության նախաձեռնած նախագահի պաշտոնանկության գործընթացը։ Խորհրդարանը կաթվածահար վիճակում է։  Միասնություն խմբակցության Գալուստ Սահակյանը պաշարված ամբիոնի մոտ բանակցում է ընդդիմության հետ։ Հետո իշխանության խմբակցության անդամ Լեւոն Սարգսյանն անցնում է բռունցքներին ու հայհոյանքներին

2002-ի այս օրը Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանելով Ազգային ժողովում վերջին օրերին կատարվող իրադարձությունները՝ կապված իր պաշտոնանկության գործընթաց սկսելու որոշման նախագիծը օրակարգում ընդգրկել-չընդգրկելու հետ, չբացառեց խորհրդարանի լուծարումը: «Եթե չհաջողվի դա կարգավորել խորհրդարանի ուժերով... միջամտելու ենք եւ մարդկանց ցույց ենք տալու, որ կարգը նաեւ պատգամավորի համար պարտադիր է: Իսկ եթե շատ ձգձգվի, իհարկե, ստիպված կլինենք առանց դիմումի միջամտել», - լրագրողներին ասում է Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր»-ի եւ Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավարները 2003-ի այս օրը Ռոբերտ Քոչարյանի նստավայրում ստորագրում են քաղաքական կոալիցիայի հուշագիր։ Քոչարյանի գնահատմամբ, երկրում առաջին անգամ դասական իմաստով խորհրդարանական կոալիցիա է ստեղծվում, որը պատասխանատվություն է ստանձնում նաեւ կառավարության ձեւավորման համար:

2009-ի հունիսի 11-ին Մարզահամերգային համալիրում տեղի է ունենում քաղաքապետ դարձած Գագիկ Բեգլարյանի երդմնակալության արարողությունը։ Ներկա էր քաղաքական եւ հոգեւոր ամբողջ վերնախավը։ Ավագանու ընտրությունների կեղծիքներով անցկացումը հավաքված մտավորականներից ոմանց առանձնապես չէր անհանգստացնում 2013-ի այս օրը քաղաքապետի պաշտոնն ստանձնելու առիթով երդվում է Տարոն Մարգարյանը։ Վերնախավը նույնն է։