Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (1)
A A
Սպորտ

Շախմատի Ջերմուկի մրցաշարի 4-րդ տուրում «խաղաղության» օր էր (տեսանյութ)

Շախմատում սովորաբար հազվադեպ է լինում, որ մրցաշարի նույն տուրում բոլոր պարտիաներում գրանցվում է ոչ-ոքի արդյունք: Սակայն Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 4-րդ տուրն աչքի ընկավ հենց «խաղաղասիրությամբ»:

Կենտրոնական պարտիայում մրցաշարի երկու առաջատարներից Շանթ Սարգսյանը սպիտակներով հանդիպեց ամերիկահայ Սամուել Սևյանի հետ: Կողմերը շատ արագ փոխանակեցին խոշոր խաղաքարերը և 24-րդ քայլից հետո գրոսմայստերական ոչ-ոքի արեցին: Իսկ ահա մյուս առաջատարը՝ ռուսատանցի Դավիթ Պարավյանը, Հայկ Մարտիրոսյանի հետ պարտիայում որակի առավելություն ստացավ, սակայն մեր շախմատիստը հավերժական շախի օգնությամբ մրցակցին պարտադրեց հաշտություն կնքել: Այդպիսով, երկու առաջատարները վաստակեցին 3-ական միավոր և շարունակում են կիսել 1-2-րդ տեղերը:

Նրանց հավասարվելու հնարավորություն ուներ միայն գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, որը, սակայն, մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի հետ և պահպանեց 3-րդ հորիզոնականը:

Այսօր տեղի կունենան 5-րդ տուրի հանդիպումները: Կենտրոնական պարտիայում Դավիթ Պարավյանը սպիտակներով կհանդիպի իրենից մեկ միավոր պակաս ունեցող Սամվել Տեր-Սահակյանի հետ: Սկզբունքային նշանակություն ունի նաև Սամուել Սևյան – Տիգրան Հարությունյան մրցախաղը: