Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Պոլանուվի Սուրբ Լեռան մոտ տեղի է ունեցել Գրիգոր Նարեկացու հուշաքարի հանդիսավոր բացումը

Հունիսի 5-ին Լեհաստանի Պոլանուվի Սուրբ Լեռան (Święta Góra Polanowska) վանական համալիրի նախամուտքի տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խաչքարի հարևանությամբ տեղի ունեցավ հայ միջնադարյան սրբադասված հոգևորական, Տիեզերական եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու հուշաքարի հանդիսավոր բացումը: Այս մասին տեղեկացնում է Լեհաստանում ՀՀ դեսպանատունը։
 
Միջոցառմանը ողջույնի և գնահատանքի խոսքերով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Կոշալինի և Կոլոբժեսկիի հռոմեակաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Քշիշտոֆ Զադարկոն (Krzysztof Zadarko) և Հայ Առաքելական եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տարոն Ղուլիկյանը։
 
Հուշաքարի օծման և բարեխոսական կարգի արարողությունից, ինչպես նաև Արցախի պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հայազգի նահատակների հիշատակին հնչեցված համատեղ աղոթքից հետո դեսպան Սամվել Մկրտչյանը Լեհաստանում ՀՀ դեսպանության անունից շնորհակալագիր հանձնեց հուշաքարի պատրաստման և տեղադրման նախաձեռնող և հեղինակ Գրիգոր Ասլանյանին։
 
Միջոցառման մասնակիցների թվում էին Պոլանուվի և Կոշալինի տեղական իշխանությունների, Լեհաստանի կաթոլիկ եկեղեցու և Լեհաստանի ու հարևան երկրներից ժամանած հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Դեսպան Սամվել Մկրտչյանը գրառում կատարեց վանական համալիրի հուշամատյանում, ինչպես նաև օրվա թեմայով հարցազրույց տվեց Կոշալինի Լեհական ռադիո լրատվականին։