Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ավետիք Իշխանյան
A A
Հասարակություն

Վակխանալիա

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․

Մոտ մեկ ժամ առաջ, ծանոթներիցս մեկը զանգահարեց և զայրացած հաղորդեց, որ Սարյան փողոցը տոնական կահավորել են և սպասվում է Գինու Փառատոնի շքեղ անցկացումը։ Միանգամայն անկեղծ եմ ասում,  ծանոթիս խոսքերին չհավատացի, չծուլացա և քայլերս ուղղեցի դեպի Սարյան փողոց։ Սարյան-Թումանյան խաչմերուկը փակված էր և տեղադրված էր բեմահարթակ, որի վրա երաժիշտները փորձեր էին անում։ Եվ այստեղից մինչև Սարյան-Պուշկին խաչմերուկ տեղադրված էին տարբեր գինեգործական  ընկերությունների տաղավարներ, շքեղ գովազդ և եռուզեռ․ բոլորը պատրաստվում էին երեկոյան գինարբուքին։ Խաչմերուկում  նույնպես բեմահարթակ էր տեղադրված։

Զարմանքից ու զայրույթից չգիտեի ինչ անել։  Կարծես հայտնվել էի հաղթանակած Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի փողոցում, ուր մեծ շուքով պատրաստվում էին հերթական անգամ  նշել իրենց հաղթանակը։ Արդեն հետաքրքիր չի, բայց այնուամենայնիվ, ա՛յ միմոս-քաղաքապետ կոչեցյալ, այդ ի՞նչ խղճով ես հրահանգել այս փառատոնը կազմակերպել։

Հաա՜, այդ դու չես, քեզ պաշտոնակատար կոչեցյալն է հրամայել, դե դու ի՞նչ կարող ես անել։ Լավ, ինձ հետաքրքրում է, թե այդ բազմաթիվ գինեգործական ընկերություններից, որևէ մեկի ղեկավարի մտքով չի՞ անցել հրաժարվել մասնակցելուց, թե՞ միայն շահույթ, շահույթ, շահույթ․․․ Եվ վերջապպես, ինձ հետաքրքրում է, թե ովքեր և որքան մարդ է գնալու, մասնակցելու այս փառատոն կոչված վակխանալիային, «տժժալու և ղժժալու»։

195622294_227872298839255_3727417610281851626_n.jpg (184 KB)

Մի՞թե սրանք բացարձակապես անտարբեր են, թե ինչ է կատարվում Հայաստանի սահմաններում, որ Գեղարքունիքի,  Սյունիքի, Տաուշի իրենց հայրենակիցները ահուսարսափի մեջ են, որ ադրբեջանցիները ծաղրում,ահաբեկում, նվաստացնում, գերեվարում են մեր զինվորներին, հովիվներին, հնձվորներին։ Արդյոք նրանց սիրտը չի՞  ցավում կտտանքների ենթարկվող մեր գերիների, հազարավոր զոհվածների, նրանց անարգված աճյունների համար։

Պատկերացնում եմ, երեկոյան  «պատահականորեն» այնտեղ է հայտնվում  Հայաստանում Ալիևի ներկայացուցչի պաշտոնակատարն իր ողորմելիների , կեղծ ժպիտները դեմքերին շքախմբով և «ժողովրդի» ինչ-որ մի ներկայացուցիչ մոտենում է նրան, ողջագուրվում և լացակումած բարբաջում․ «Մեզ մենակ չթողնեք»։

Հետո էլ ասում են, թե հոռետես եմ։ Այո՛ , եթե այս ամենից հետո ժողովուրդը «տժժում ու ղժժում» է , ուրեմն այդ «ժողովուրդ» կոչվածն այլասերված ամբոխ է և իրավունք չունի պետություն ունենալու։ Այո՛, շուտով․․․

 

Ավետիք Իշխանյան