Բացել լրահոսը Փակել լրահոսը
194635258_866212777311262_756551820200184328_n
A A
Հասարակություն

ՀԲԸՄ ղեկավար կազմի հետ քննարկվել է ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործությունները

ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ, AGBU) նախագահ Պերճ Սեդրակյանի և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հարցը: Կողմերն արձանագրել են, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Պաշտպանը ներկայացրել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք գործունեության արդյունքները՝ ընդգծելով ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության փաստը ՀՀ տարածքում ու դրանից ներս, ինչն էլ հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի դերը` կարևորելով ոչ միայն համատեղ իրականացրած կրթական, իրազեկման ծրագրերը, մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքների աջակցմանն ուղղված քայլերը, այլ նաև ադրբեջանական զինված հարձակումների հետևանքով մարդու իրավունքների խախտումները աշխարհին ճշգրիտ ներկայացնելուն ուղղված միջոցառումները:

Պաշտպանը գնահատել է ՀԲԸՄ դերը հատկապես 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները վերլուծելու և աշխարհին ներկայացնելու հարցում: Պերճ Սեդրակյանը բարձր է գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը՝ նշելով, որ որ ՀԲԸՄ-ն ևս հետևում է սահմանային անվտանգության հարցերին, երկրում տիրող իրավիճակին:

Պաշտպանին է ներկայացվել ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող «Ճշմարտության ձայներ» տեսաշարը, որը նպատակ ունի պատերազմի սառը վիճակագրությունը ներկայացնելու մարդկային դեմքով, անունով և կյանքի պատմությամբ՝ փաստագրելով իրականացված վայրագություններն ու նպատակ ունենալով վերականգնել արդարությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և ընդլայնել համագործակցության ուղղությունները: