Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Առաջին Հանրապետության տոնին նվիրված միջոցառում՝ Բուխարեստի առաջնորդանիստ Մայր տաճարում

Մայիսի 30-ին, մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի առիթով Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ, հավարտ որի հանդիսապետությամբ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի կատարվեց Հանրապետական մաղթանք: Արարողությանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, քահանայից դասը և հավատացյալ ժողովուրդը:

Սրբազան Հայրն իր պատգամն ու կոչը հղեց ներկաներին՝ ասելով. ,,Մայիսի 28-ին աշխարհասփյուռ հայությունը տոնում է այն պանծալի օրերի հիշատակը, երբ ծանրագույն պայմաններում հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ վերականգնելու անկախությունը և հռչակելու Հայաստանի առաջին Հանրապետությունը: 1918թ. մայիսյան հերոսամարտի օրերին, Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայ զինվորն իր բազկով ու արյամբ կերտեց անկախ պետականություն և ստիպեց թշնամուն հաշվի նստել ապրելու իր իրավունքի հետ: Մայիսը մեկ անգամ ևս վկա եղավ մահվան դեմ հանդիման կանգնած հայոց սխրանքին ու հայոց անկոտրուն կամքին:

Այսօր էլ, 103 տարի անց, մայիսյան այս օրերին, հայ ժողովրդի համար կրկին լինել-չլինելու խնդիր է դրված: Դրությունն օրհասական է, ներքին ու արտաքին թշնամիները ասպատակում են մեր հայրենյաց սահմանները, վտանգված է հայոց պետականությունը, վտանգված են մեր սրբություններն ու արժեքները, հասունացել է պահը, որպեսզի ազգովի դարձյալ կրկնենք Սարդարապատի հերոսական դրվագը, պաշտպանենք մեր արժանապատվությունն ու նորից թշնամուն ետ շպրտենք մեր Հայրենիքից:

103 տարի անց, մայիսը ևս մեկ անգամ հայ ժողովրդի համար դառնում է մահվան ու կյանքի սահմանագիծ: Պատմության ընթացքում մենք հաճախ ենք զրկվել ազգային պետականությունից, հաճախ ոտնատակ է արվել մեր երկիրը, բայց աննկուն ու անխորտակ է մնացել մեր հույսը և հավատը, որով շարունակ արարել ենք, մաքառել, հավատացել Աստծուն և ապրել Աստծո հետ: Ապրել ենք որպես Հայոց Եկեղեցի և Հայոց Պետություն` մեկ ու միաբան Տիրոջով, բազմիցս խաչված, բայց միշտ հարուցյալ Տիրոջով: Ու թեև այսօր ազգովի հեռացել ենք Աստծուց, դարձել անտարբեր ու չարակամ, անհանդուրժող ու հայհոյող, սակայն, այնուամենայնիվ, Աստված դեռևս մեզ չի լքել, դեռևս հնարավորություն ունենք ազգովի ապաշխարությամբ ու համազգային աղոթքով վերստին արժանանալու առաջին քրիստոնյա ազգի մեր բարձրագույն կոչումին և այն սրբազան առաքելությանը, որին կոչված է յուրաքանչյուր հայ ծննդյան օրվանից:

1918թ. մայիսյան հերոսամարտերի շնորհիվ Արևելյան Հայաստանը փրկվում է ոչնչացումից: Հայերի հերոսական ոգին, համաժողովրդական սխրանքը, հաղթանակը թուրքական բանակի դեմ ապացուցում են, որ հայ ժողովուրդը հաստատակամ է ապրելու և իր դարավոր արժեքները պահպանելու: Ազգային սիրո, համախմբման և հերոսական պայքարի այս հանգրվանից սկիզբ է առնում հայոց առաջին անկախ հանրապետությունը: Այսօր մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանի անկախությունը մեզ ավանդված թանկ ու սրբազան ժառանգություն է: Չկա առանց անկախության ապրած մի դարաշրջան հայոց պատմության մեջ, երբ մեր ժողովուրդը ձգտած չլինի ու մարտնչած չլինի վերագտնելու համար Հայաստանի ազատությունը: Եվ այսօր, երբ դեռ ունենք անկախ պետականություն, որի հիմքերը խարխլված են, անհրաժեշտ է օր առաջ դարձյալ համախմբվել, ազգային միաբանության ոգով ու հանդուրժողականությամբ լծվել Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությանը, որպեսզի մեր զավակները ևս ժառանգեն ազատ, հզոր ու բարօր Հայրենիք:

1918թ. մայիսի 28-ը մի բացառիկ իրադարձություն էր, որին մենք սպասել էինք երկար, որի մասին երազել էինք դարեր շարունակ: Իրականում դարակազմիկ այդ փոփոխությունը կատարվել էր ավելի շուտ, կատարվել էր նախ և առաջ մեր հոգեբանության և քաղաքական մտածողության մեջ, երբ հայությունը հասկացավ, որ սեփական հողի վրա պետք է ապրել ոչ թե որպես համայնք, այլ որպես պետություն, պետք է կռվել ոչ թե որպես ֆիդայական ջոկատ, այլ որպես բանակ: Ապրել ու պայքարել որպես Հայաստան, որպես պետություն: Սա էր այն նոր հոգեբանությունն ու քաղաքական մտածողությունը, որի շնորհիվ կերտվեց առաջին հանրապետությունը:

Այսօր դարձյալ մենք պետք է համախմբվենք ազգային գաղափարախոսության, պետության շահի, Հայրենիքի պաշտպանության արժեքների շուրջ, գործենք հինավուրց ժողովրդին հատուկ իմաստությամբ և խորագիտությամբ և լծվենք արյամբ ստեղծված անկախ պետականությունը կործանումից փրկելու առաքելությանը: Մայիսը հերոսական ամիս է և պետք է մնա այդպիսին: Ուխտենք արժանավայել պահել ու սերունդներին փոխանցել մեր պատմության փայլուն էջերի խորհուրդները: Միասնությամբ տեր կանգնենք մեր ժողովրդի պատմությանն ու նվաճումներին, փառք տալով հերոս զավակներ ծնած մեր հերոս մայրերին, գլուխ խոնարհենք բոլոր ժամանակներում անկախությանն ու ազատությանն իրենց կյանքը նվիրած մեր բազում նահատակների հիշատակի առաջ: Աղոթենք առ Աստված, որ մեր ժողովուրդը խաղաղության մեջ կերտի իր լուսավոր ապագան այսօր և հավիտյան,,:

Այնուհետև ծաղկեպսակներ դրվեցին Տաճարի բակում կանգնեցված ՀՀ Ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի կիսանդրու առջև և ներկաներն իրենց խոնարհումը բերեցին մայիսյան հերոսամարտերում զոհված քաջորդիներին:

Առաջնորդարանի հովանու ներքո գործող ,,Լույս,, մանկական ակումբի սաները կատարեցին ՀՀ ազգային օրհներգը, ,,Բարձրիկ Հայաստան,, երգը, իսկ Դավիթ Քարամյանն արտասանեց Գևորգ Էմինի ,,Սասունցիների պարը,, և Պարույր Սևակի ,,Հայաստան,, բանաստեղծությունները:

Այս առիթով Ռումինիայի հայոց միության կողմից Տաճարի պարսպի վրա նախապես տեղադրվել էին մայիսյան հերոսամարտերի և առաջին Հանրապետության պատմությունն ու հերոսական դրվագները պատկերող պաստառներ, նաև վերահրատարակվել էր Սերժ Աֆանասյանի ,,Սարդարապատի հաղթանակը,, գրքի ռումիներեն թարգմանությունը (գիրքը գրվել է ֆրանսերենով և ռումիներեն է թարգմանվել Կոնստանցայի հայ համայնքի անդամ տիկին Թագուհի Սարգսյանի կողմից), որն էլ բաժանվեց բոլոր ներկաներին: 

Հայրենիքի համար մարտնչած և նահատակված բոլոր քաջորդիների հիշատակն օրհնությամբ թող լինի: Ամեն:

 

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան