Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hrazdan 1
A A
Սպորտ

Երևանի «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը 50 տարեկան է

50 տարի առաջ մայիսի 19-ին Երևանում իսկական ֆուտբոլային իրարանցում էր: Այդ օրը Երևանի «Արարատը» ԽՍՀՄ առաջնության խաղում պետք է ընդուներ Ալմա Աթայի «Կայրաթին»:    

Եվ ահա, երեկոյան ժամը 18-ի սահմաններում, տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ «Հաղթանակ» կամրջի վրայով շարժվում էին դեպի Հրազդան գետի ձորը և Կիլիկիա թաղամասի վերին հատվածը: Երկրպագուները բոլորովին չէին խառնել ճանապարհը (Երևանի հիմնական մարզադաշտը` «Հանրապետականը», գտնվում էր քաղաքի կենտրոնում), քանի որ հանդիպումը նշանակված էր նորակառույց մարզադաշտում: 

Այն կոչվում էր «Հրազդան» կենտրոնական մարզադաշտ:

Տրիբունաներն ոչ միայն լեփ-լեցուն էին, այլև ասեղ գցելու տեղ չկար: Նորակառույց մարզադաշտը նախատեսված էր 75 հազար հանդիսականների համար, սակայն բացման խաղին ներկա էին գրեթե  100 հազար մարդ (լուսանկարում երևում է, որ տրիբունաների սեկցիաները բաժանող աստիճանները զբաղեցված են):

 

ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունը բնականաբար չէր կարող շրջանցել նման խոշոր իրադարձությունը, քանի որ Երևանում իր դռներն էր բացելու երկրի թվով 3-րդ խոշոր մարզադաշտը (առաջին երկուսը Մոսկվայի «Լուժնիկի» և Կիևի «Ռեսպուբլիկական» մարզադաշտերն էին – հեղ.): Սակայն, հեռուստատեսությամբ ցուցադրվեց «Արարատ» - «Կայրաթ» (Ղազախստան) հանդիպման միայն երկրորդ խաղակեսը:

Առաջին կեսից հետո հանդիպման հաշիվը դեռ բացված չէր՝  չնայած արարատցիների տարածքային առավելությանը: Սակայն, ինչպես ասում էին խորհրդային ֆուտբոլային մեկնաբանները, գոլը գնալով հասունանում էր: Եվ ահա, հանդիպման 58-րդ րոպեին «Արարատը» ստանում է տուգանային հարվածի իրավունք վտանգավոր գոտում: Գնդակին մոտենում է թիմի կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Կովալենկոն, որը հուժկու հարվածով գրավում է «Կայրաթի» դարպասը: Այդպիսով, «Արարատի» 4-րդ համարը ոսկե տառերով գրեց իր անունը մարզադաշտի պատմագրքում` դառնալով առաջին գոլի հեղինակ:

Դրանից հետո արարատցիներին կանգնեցնել այլևս հնարավոր չէր: Խաղի 74-րդ րոպեին թիմի ավագ Հովհաննես Զանազանյանն իրացնում է մարզադաշտում նշանակված անդրանիկ 11մ հարվածը, իսկ երեք րոպե անց ձախ եզրային հարձակվող Նիկոլայ Ղազարյանը հաշիվը դարձնում է 3:0:

Այդպիսով, նորակառույց մարզադաշտի բացման արարողությունը լիովին կայացած էր: Հետագայում մեր թիմը 75 հազար հանդիսականների աջակցությամբ տարավ մի շարք տպավորից հաղթանակներ և իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալներ: Երկու տարի անց արարատցիներն «Հրազդան» մարզադաշտ բերեցին արդեն խորհրդային ֆուտբոլի գավաթը, ապա` ոսկե մեդալները:

 

 Մարզադաշտի շինարարությունը

Հրազդան գետի ձորում մարզադաշտ կառուցելու գաղափարը տվել է Անաստաս Միկոյանը, դեռևս 1965 թվականին, երբ հյուրընկալվելիս է եղել Ծիծեռնակաբերդի բարձունքի լանջին գտնվող Հայաստանի կոմկուսի հանգստյան տանը: Այն ժամանակ ԽՍՀՄ սննդի արդյունաբերության նախարարը, ձորում նկատելով ամֆիթատրոն հիշեցնող տարածք, ասել է, որ շատ լավ վայր է մարզադաշտ կառուցելու համար:

Սկզբում որոշվել է կառուցել 20-30 հազար տեղանոց մարզադաշտ, բայց հետո Հայաստանի կոմկուսի ղեկավարների կողմից այն հասցվել է մինչև 70 հազարի: Խորհրդային Միության մայրաքաղաք Մոսկվայում սկզբում դեմ են եղել նման խոշոր մարզակառույցի շինարարությանը` համարելով, որ 700 հազար բնակչություն ունեցող քաղաքի համար դա մեծ շռայլություն կլինի: Սակայն, 1968 թվականին Խորհրդային Հայաստանը ստացել է Կրեմլի համաձայնությունը, իսկ մեկ տարի հետո սկսվել են շինարարական աշխատանքները:

Նախապես որոշված է եղել մարզադաշտը կառուցել 19 ամսվա մեջ և շահագործման հանձնել Հայկական ԽՍՀ-ի հիմնադրման 50-ամյակի օրը, 1970 թվականի նոյեմբերի 29-ին: Սակայն շինարարներին չի հաջողվել տեղավորվել այդ ժամանակի մեջ, քանի որ մարզակառույցն անչափ մեծ չափերի էր հասել, բացի այդ կառուցման ժամանակ օգտագործում էին նոր տեխնոլոգիաներ, որոնք ժամանակատար էին:

 

Ինչևէ, 1971թ մայիսի 19-ին, «Հրազդան» մարզադաշտն անցավ իր պարտականություններին` հյուրընկալելով տարբեր  ֆուտբոլային խաղեր, սպորտային մրցումներ, մշակութային միջոցառումներ և այլն:

Ավաղ, 50-ամյա հոբելյարն այսօր մատնված է անգործության: Դա արդեն լրիվ այլ պատմություն է: