Բացել լրահոսը Փակել լրահոսը
խոսրով
A A
Հասարակություն

Ոստիկանությունը հայտնել է Խոսրով Հարությունյանին բերման ենթարկելու պատճառը

Ազատության հրապարակից մայիսի 17-ին ծեծի կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկվել ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ոստիկանությունից նշեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում։

Խոսրով Հարությունյանի շահերի պաշտպան Դավիթ Ավագյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում դեպքի առթիվ մի քանի արձանագրում է կատարել՝ նշելով, որ Ազատության հրապարակում քաղաքացու կողմից տեղի էր ունեցել ակնհայտ սադրանք, մասնավորապես վերջինս անպարկեշտ վարքագիծ էր ցուցաբերել՝ հրապարակային հայհոյանքներ հնչեցնելով տարբեր անձանց հասցեին։ Ըստ նրա՝ Հարությունյանը փորձել է տվյալ քաղաքացուն հանդարտեցնել, որին ի պատասխան՝ այդ քաղաքացին հրել է Հարությունյանին։
Պաշտպանը պնդում է, որ Հարությունյանը որևէ կերպ չի պատասխանել այդ սադրանքին, սակայն ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նաև նրան։

«Ոստիկանության ծառայողները տեղում գտնվելու և միջադեպին ականատես լինելու պայմաններում առնվազն հնարավորություն ունեին տարբերակել սադրանք իրականացնողին և հակահասարակական ու հակաիրավական վարքագիծ ցուցաբերողին և հարկադրանքի միջոցներ կիրառեին հասցեական, որի պայմաններում ակնհայտ անհիմն և ոչ իրավաչափ էր պարոն Հարությունյանին բերման ենթարկելը։

Ցանկացած պարագայում նման կոշտ միջոցով բերման ենթարկելը համաչափ չէր։

Ոստիկանության բաժնում ոստիկանության ծառայողները գործել են պրոֆեսիոնալ ու հարգալից»,- գրել է Ավագյանը։

Պաշտպանը նաև հայտնել է, որ Խոսրով Հարությունյանը ազատ է արձակվել։