Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0142055
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քոչարյանը, Սաղաթելյանն ու Հակոբյանը ստորագրեցին «Հայաստան» դաշինքի հռչակագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ստորագրվեց «Հայաստան» նախընտրական դաշինքի հռչակագիրը և սկիզբ դրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների քաղաքական համագործակցությանը։ Հռչակագիրն ամբողջությամբ․

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ

Մեր մասին

«Հայաստան» դաշինքը քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների և անհատ գործիչների միավորում է: Այն ձևավորվել է հանուն Հայաստանի Հանրապե- տության, Արցախի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի հարատև անվտանգության, զարգացման և բարեկեցության։

Դաշինքի ձևավորումը թելադրված է 2020 թվականի 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքները, մեր պետականությանը նետված նոր սպառնալիքները հաղթահարելու անհրաժեշտությամբ։

Դաշինքն առաջնորդվում է գիտակցությամբ, որ միայն համատեղ ջանքերով և միասնական լինելով է հնարավոր լուծել երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրները։

Մենք պատրաստ ենք ստանձնել ամբողջ պատասխանատվությունը պետության ճակատագրի հանդեպ, կանխել պետականության փլուզումը, ձևավորել նոր որակի իշխանություն, կերտել Հայաստանի ապագան:

Մենք համոզված ենք, որ խորհրդարանական մեծամասնության միջոցով կձևա- վորենք այնպիսի գործադիր իշխանություն, որը վեր կանգնելով նեղ քաղաքական նպատակներից, կծառայի ազգային-պետական շահերին, կիրականացնի դրանց պաշտպանությանն ուղղված արտաքին քաղաքականություն, կերաշխավորի հուսալի անվտանգություն, կկասեցնի սոցիալ-տնտեսական անկումը, կապահովի զարգացման բարձր տեմպեր, կկանխի զանգվածային արտագաղթի նոր ալիքը՝ անհրաժեշտ հիմքեր ստեղծելով արժանապատիվ և երկարաժամկետ խաղաղության համար:

Անցյալի մասին

Մենք կարևորում ենք երկրի զարգացման վերջին 30 տարիների պատմության հակասական փուլերի բաց և անկեղծ արձանագրումը, հաստատակամ ենք բացթողումներից խոսելու, անցյալից դասեր քաղելու, ապագայի նոր էջ բացելու հարցերում։

Ամենաբարդ ժամանակներում մեզ հաջողվել է պահպանել անկախ Հայաստանը՝ որպես աշխարհի բոլոր հայերի ազգային պետություն, արձանագրել միասնական նպատակներ և հաջողություններ, քայլել աշխարհին համընթաց, տարածաշրջանում դառնալ գործուն դերակատար, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակներում հավասարակշռություն պահպանել։ Բոլոր իշխանությունների օրոք եղել են հաջողություններ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ Համագործակցության հռչակագիր և բացթողումներ, ձեռքբերումներ և սխալներ։ Այնուամենայնիվ, մեր պետությունը շարունակել է իր ընթացքը՝ լինելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամուր խարիսխ:

2018-ին երկրի ընթացքը խաթարվեց։ Արմատական փոփոխությունների, արդար երկիր կառուցելու խոստմամբ իշխանության եկած քաղաքական ուժը, դրսևորելով հանցավոր անպատասխանատվություն և պետական կառավարման համակարգը կազմալուծելու, օտարածին օրակարգեր սպասարկելու, հասարակական–քաղաքական մթնոլորտը թունավորելու իր հետևողական քայլերով ոչ միայն չկատարեց հանրությանը տված խոստումները, այլև երկիրը ներքաշեց պատերազմի մեջ՝ զոհելով հազարավոր երիտասարդների, կորցնելով Արցախի Հանրապետության մեծ մասը, թուլացնելով պետականության հիմքերը, վտանգելով մեր ընդհանուր ապագան։

Արցախ

Արցախի Հանրապետության հետ տեղի ունեցածը և շարունակվող գործընթացները ցավոտ հարված են մեր ազգային պետականությանը, խաթարում են երկրի անվտան- գությունն ու պաշտպանունակությունը, հարցականի տակ են դնում մեր արժանապատ- վությունն ու կյանքի իրավունքը:

Անարդարացի ստատուս քվոն կարող է նոր պատերազմի պատճառ դառնալ։ Ուստի մենք կողմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների միջնորդությամբ բանակցային գործընթացի վերսկսմանը՝ ուղղված Արցախի տարածքի վերականգնմանը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա, և Արցախ-Հայաստան երաշխավորված, գործուն ցամաքային անվտանգ կապի ապահովմանը։

Դաշինքը, մեր քաղաքացիների վստահության քվեն ստանալուն պես, հետամուտ է լինելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, լծվելու է հետպատերազմյան հումանիտար աղետի հետևանքները մեղմելու աշխատանքներին (գերիների վերադարձ, զոհվածների և անհետ կորածների տվյալների ամբողջացում, վիրավորների ու հաշմանդամների, տնավեր դարձած մարդկանց սոցիալական աջակցություն, վերականգնողական աշխատանքներ և այլ կարևորագույն հարցեր)։

Մենք համոզված ենք, որ պատերազմից կարելի էր խուսափել, եթե անհեռատես և անպատասխանատու քայլերի հետևանքով բանակցությունները չմտնեին փակուղի։ Պատերազմը, դրան նախորդող ու հաջորդող գործընթացները պետք է քննության առարկա դառնան, ստանան քրեաիրավական և քաղաքական ամբողջական գնահատական։

Մեր հանձնառությունը

Մենք պարտավոր ենք կասեցնել ազգակործան այս ընթացքը, դասեր քաղել անցյալից, Հայաստանն ազատել օտարածին օրակարգով շարժվող և թշնամու շահերը սպասարկող խմբակից, բոլոր ջանքերը գործադրել պետության և հասարակության կայուն, առողջ զարգացման համար, կառուցել մեր երկրի ապագան։

Մենք բացառում ենք.

  • Մեկ անձի ձեռքում իշխանական լծակների կենտրոնացումը,
  • Պետական իշխանության ինստիտուտների կազմաքանդումը,
  • Իշխանության ամբարտավանությունը, ամենաթողությունը, ապազգային և ամբոխավարական գործելաոճը,
  • Արդարադատությունը խոչընդոտելը,
  • Հասարակության մեջ ներքին բաժանարար գծերի ստեղծումը, ներազգային պառակտումը,
  • Սոցիալական բևեռացումը,
  • Հանրային կարծիքի այլասերումը և կեղծ լուրերի հետևողական շրջանառման դատապարտելի քաղաքականության շարունակումը:

Մենք երաշխավորում ենք.

  • Պետական համակարգի արդյունավետ կառավարում,
  • Անվտանգ երկիր, պաշտպանված սահմաններ,
  • Տնտեսության ակտիվացում, գյուղատնտեսության զարգացում, ներդրումների ներհոսք, կյանքի որակի տեսանելի բարելավում, աղքատության ցուցանիշների շեշտակի նվազեցում,
  • Բացառապես լեգիտիմ ընտրություններով իշխանության ձևավորում,
  • Կոռուպցիայից, հովանավորչությունից և չարաշահման որևէ դրսևորումից զերծ իշխանության գործունեություն,
  • Պետական իշխանության ու բիզնեսի տարանջատում,
  • Սոցիալական արդարության և բարեկեցության անհրաժեշտ պայմանների ստեղծում. հանրային կյանքի որակի իրական և առաջանցիկ բարելավում,
  • Երիտասարդության ակտիվ ներգրավում,
  • Հասարակության մեջ նոր վարքականոնի հաստատում։

Ապագայի մասին

Հայաստանի Հանրապետությունը ողջ հայության անկախ պետականության երազանքի մարմնավորումն է: Խաթարված ազգային արժանապատվությունը և դիմադրողականությունը, պետականության կորուստները վերականգնելու, ինքնիշխա- նությունը պահպանելու համար անհրաժեշտ է վճռական քայլերով լավատեսություն և հավատ ներշնչել երկրի ապագայի հանդեպ՝ հաղթահարելով անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական ճգնաժամը։

Մենք կարո´ղ ենք և կերտելո´ւ ենք իր ուժերին վստահ, արժանապատիվ պետություն, որն ունակ է պաշտպանելու երկրի սահմաններն ու ժողովրդի անվտանգությունը։

ժամանակակից կրթությունը, գիտական, տեխնոլոգիական առաջընթացը և նորարարությունը Հայաստանի հուսալի ապագան կերտելու բանաձևի կարևորագույն բաղադրիչներն են:

Հայ ինքնության պահպանման և զարգացման հիմնասյուներն են հայոց լեզուն, պատմությունը, հավատքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մշակույթը, ուրույն արժեհամակարգը:

Գլոբալ գործընթացներում մեր մրցակցային առավելությունն այն քաղաքացին է, որն իբրև ինքնության անկյունաքարային բաղադրիչ գիտակցում է պետականության դերը, կարող է խելամտորեն համադրել ազգայինն ու համամարդկայինը, ավանդականն ու ժամանակակիցը:

Ապագան կերտելու գրավականը

  • Խաղաղություն և անվտանգություն,
  • Արդարություն, ազատություն, համերաշխություն,
  • Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների իրացում,
  • Համահայկական ներուժի ամբողջական իրացում, երկքաղաքացիության սահմանափա- կումների վերանայում,
  • Ազգային միասնականության և անփոփոխ բարոյական արժեքների վրա հիմնված քաղաքական մշակույթ:

Մենք ունենք երկրի զարգացման երկարաժամկետ ծրագրեր, որոնք կներկայացվեն հանրությանը և որոնց իրականացումը սկսվելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի հաղթանակով։ Մեր ժողովուրդն զգալու է կյանքի որակի դրական փոփոխությունները ամենամոտ ապագայում։

Դաշինքի անդամ հանդիսացող յուրաքանչյուր ոք գիտակցում է պատմական այս փուլի պատասխանատվությունը և պատրաստակամ է աշխատել իր կարողությունների առավելագույն կենտրոնացմամբ՝ հանուն երկրի ապագայի, հանուն հայկական պետականության նոր վերելքի։