Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Մեր պարտքը պետք է լինի Կոմիտասի անունը, իբրև ամենակարևոր աստղ, չմոռանալը» (տեսանյութ)

Այսուհետ, մայիսի 7-ը Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կնշվի որպես «ԵՊԿ շրջանավարտի օր»։ Գաղափարի հեղինակը Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արմեն Բաղդասարյանն է։ 

Այսօր ԵՊԿ-ի շենքում հավաքվել էին տարբեր տարիներին բուհն ավարտած շրջանավարտներ։ Ճեմասրահում հյուրերին դիմավորեց ուսանողական նվագախումբը, իսկ շենքի յուրաքանչյուր հարկում ներկայացվեց երաժշտական ծրագիր՝ լարային քառյակի, քանոնահարների անսամբլի, ջազ տրիոյի կատարմամբ։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, որն այս տարի տոնում է իր հարյուրամյա հոբելյանը, կրթել ու կրթում է անհատականություններ, որոնք ներկայացնում են երաժշտական Հայաստանը՝ լինի հռչակ ձեռք բերած մենակատար, թե մարզում դասավանդող ուսուցիչ,- իր ուղերձում ասաց Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը։

Պրոռեկտոր Արմեն Բաղդասարյանը խոսեց առկա խնդիրների մասին, և թե  ինչպես են փորձում լուծել  դրանք։ Այս ճանապարհին կարևոր սկզբունքը ավանդույթների և արդիականության համատեղումը պետք է լինի։ 

Ուսումնական գծով պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը, խոսելով ԵՊԿ ընթացիկ ուսումնական բարեփոխումների մասին, նշեց, որ ութսունականներից մինչ օրս նոր գործիքներ չեն գնվել և հիմա դիմել են Ճապոնիայի կառավարությանը, որը դրամաշնորհ հատկացնի։ Սա կառավարական ծրագիր է։

«Աշխարհում հարյուրավոր կոնսերվատորիաներ կան՝ լավ ու վատ, սրանցից մեկն էլ հայկականն է և չմոռանանք, որ մեր պարտքը մեր ազգի նկատմամբ պետք է լինի Կոմիտասի անունը, իբրև ամենակարևոր աստղ, չմոռանալը։ Եվ ամենակարևորն է՝ չմոռանալ հայկականը»,- ասաց «Կոնսերվատորիայի բարեկամների հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ, կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը։

 Մանրամասները՝  տեսանյութում