Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մելիքսեթ
A A
Հասարակություն

ԱԳՆ շենքի մոտից բերման են ենթարկել

Նախկին զինվորական, ավագ ենթասպա Մելիքսեթ Գաբոյանին ոստիկանները  վարչական բերման են ենթարկել, երբ    ակցիա է ցանկացել իրականացնել Արտաքին գործերի նախարարության մոտ։

«Ա1+»-ին Մելիքսեթ Գաբոյանը հայտնեց, որ  դեռ  նոր էր  հանել իր պաստառն ու կանգնել շենքի մոտ, երբ մոտեցել են ոստիկաններն ու պահանջել դադարեցնել ակցիան, նշելով՝ «դրսից մարդիկ կան»։ Այդ պահին ԱԳՆ-ում էր  ՌԴ ԱԳՆ պատվիրակությունը

Շիրակի մարզի  բնակիչն ասել է, որ ինքն իրավունք ունի շարունակելու իր ակցիան, հատկապես, երբ ոչ մի օրինախախտում չի անում և ավելորդ լարվածություն չի ստեղծում․

«Միանգամից 3-4 հոգով հոպ-ստոպ արեցին, ընկան թևերիս տակ, ես էլ ուժ չգործադրեցի։ Ոստիկանության մեքենայով ինձ բերել են Կենտրոնի բաժին։ Մի քանի ժամ խնդրում եմ, որ ես Կենտրոնի բաժնի պետի հետ հանդիպեմ, բայց չեն թույլատրում», - ասաց նա։

Գաբոյանի խոսքով՝ բաժնում պահել են երեք ժամ  եւ բաց թողել։ Նա հայտնեց, որ թղթեր են կազմել, սակայն նա դրանք չի ստորագրել։

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ Մելիքսեթ Գաբոյանին բերման են ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։ Թե ո՞րն է եղել օրինական պահանջը՝ որևէ այլ մեկնաբանություն ոստիկանությունից չտվեցին։

Նշենք, որ ըստ Հավաքների ազատության ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի՝ Հանրային հավաք անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչև 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների։ Տվյալ դեպքում Մելիքսեթ Գաբոյանն իր ակցիան իրականացնում էր միայնակ։

Հիշեցնենք, որ Մելիքսեթ Գաբոյանն արդեն 17 տարի պայքարում է իր իրավունքների համար և պարբերաբար ակցիաներ է իրականացնում տարբեր գերատեսչությունների մոտ։ Նա պնդում է՝ Սահմանապահ զորքերի հրամանատարությունն իրեն ապօրինի կերպով ճանաչել է ՀՀ քաղաքացի և աշխատավարձը քիչ է վճարել։ ԽՍՀՄ անձնագրով 1994-2004 թվականներին ծառայել է Սահմանապահ զորքերում։ ԽՍՀՄ անձնագրի հիման վրա 5 անգամ պայմանագիր է կնքվել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հետ և այդ տարիներին իր աշխատավարձը քիչ են վճարել։

Ինչպես նա է նշում, հենց ծառայության ընթացքում բազմիցս դիմել է այդ հարցը կարգավորելու համար, սակայն նրան զորացրել են։

Ոստիկանությունից դուրս գալուց հետո քաղաքացին գնացել է  կառավարության մոտ ակցիա իրականացնելու։  Այնտեղից էլ բերման ենթարկեցին՝ նույն պատճառաբանությամբ։