Բացել լրահոսը Փակել լրահոսը
2027_b
A A
Հասարակություն

Գաղտնագրված ոչ մի տեղեկություն 2020-ի ընթացքում հանրության համար հասանելի չի դարձել․ ԻԱԿ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկություն ստանալու հարցումների պատասխանները ցույց են տալիս, որ 2020 թվականի ընթացքում գաղտնազերծման գործընթաց իրականացրել է միայն Ազգային անվտանգության ծառայությունը։ 37 պետական մարմին տեղեկացնում են, որ իրենց աշխատակազմի տնօրինության տակ գտնվող ոչ մի փաստաթուղթ չի գաղտնազերծվել։ Պաշտպանության նախարարությունը հարցմանը չի պատասխանել։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ապրիլի 20-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել 39 պետական մարմին՝ խնդրելով տրամադրել կառույցի տնօրինության տակ գտնվող այն փաստաթղթերի ցանկը, որոնք գաղտնազերծվել են 2020 թվականի ընթացքում:

Ընդհանուր առմամբ ուղարկվել է 39 հարցում.

ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Վարչապետի և Նախագահի աշխատակազմեր - 3 հարցում,
ՀՀ նախարարություններ - 12 հարցում,
ՀՀ Կառավարությանն առընթեր/Վարչապետին ենթակա մարմիններ -14 հարցում,
ՀՀ մարզպետարաններ – 10 հարցում։

Հարցմանը բոլոր մարմինները պատասխանել են օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։ Հարցումն անպատասխան է թողել միայն Պաշտպանության նախարարությունը (e-request հարթակի համաձայն` 5.05.2021-ի դրությամբ պատասխան գրությունը ունի «ընթացքում է» կարգավիճակը

Ըստ ստացված պատասխանների՝ միայն Ազգային անվտանգության ծառայությունն է, որ նախորդ տարվա ընթացքում գաղտնազերծել է որոշ փաստաթղթեր։ Վերջիններս ներառվել են քրեական գործերի նյութերում և հանձնվել նախաքննություն իրականացնող մարմինների կամ համապատասխան ատյանի դատարանների տնօրինմանը։ Դրանց բովանդակության և քանակի մասին տեղեկություններ չեն տրամադրվել, քանի որ․ «Այդ փաստաթղթերի վերաբերյալ վիճակագրություն չի վարվում և վերջիններիս ցանկի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ»։

Գրեթե նույն պատկերը ԻԱԿ-ը ստացել էր նաև նախորդ տարիներին տարի ուղարկած հարցումների արդյունքում։ 2018-ին գաղտնազերծվել և հանրայնացվել էր մեկ փաստաթուղթ, իսկ 2019-ին պետական մարմիններն ավելի ակտիվ են եղել․ մի շարք փաստաթղթեր գաղտնազերծել են Վարչապետի աշխատակազմը և Պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք սակայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օրենքով նախատեսված 10 տարի պահպանման ժամկետները լրանալուց հետո պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները պետք է գաղտնազերծվեն և համարվեն ծանոթանալու համար բաց կամ ոչնչացվեն սահմանված կարգով: Նաև, գաղտնագրված տեղեկությունների պահպանության սահմանված ժամկետները կարող են կրճատվել, և տեղեկությունները` ժամկետից շուտ կարող են գաղտնազերծվել ՀՀ կառավարության որոշմամբ։

Ինֆորմացիայի ազատության կենտրոն