Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff kargapah 30.04.
A A
Սպորտ

«Ալաշկերտ» ՖԱ ակումբը նախագահի պատճառով տուգանվել է 100 հազար դրամով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը։ Կոմիտեն քննարկել է մի շարք ուշագրավ միջազդեպեր, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղերի ընթացքում։

Մասնավորապես՝ «Նոա» - «Ալաշկերտ» խաղին դաշտի տեր թիմի կողմից ներկայացված արձանագրության մեջ նշված է եղել և խաղի ժամանակ տեխնիկական գոտում է գտնվել որակազրկված պաշտոնյա՝ թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշմամբ «Նոա» ՖԱ ՀԿ ակումբը տուգանվել է 100 հազար դրամով։

Նույն հանդիպման 2-րդ խաղակեսի ավելացված ժամանակում «Նոա» թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն անհամաձայնություն է հայտնել մրցավարի կայացրած որոշմանը և ձեռքում եղած ջրի շիշը նետել է խաղադաշտ։ Այդ արարքի համար մարզիչը որակազրկվել է մեկ խաղով։

«Նոա» - «Ալաշկերտ» խաղին «Ալաշկերտ» ՖԱ նախագահ Բագրատ Նավոյանը հանդիպման ավարտից հետո ներխուժել է մրցավարների հանդերձարան՝ խաղի մրցավարության հետ կապված դժգոհությունը արտահայտելու համար։ Խոսակցության ընթացքում Բագրատ Նավոյանը մրցավարների հասցեին արել է որոշ արտահայտություններ, որոնք իրենց մեջ վիրավորական տարրեր են պարունակել։ Կոմիտեի որոշմամբ «Ալաշկերտ» ՖԱ ակումբը տուգանվել է 100 հազար դրամով։

«Գյումրի-Տրիբունա» - «Արարատ-աղջիկներ» խաղին դաշտի տերերի թիմում հանդես է եկել չհայտավորված ֆուտբոլիստ Թամարա Սահակյանը: ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշմամբ «Գյումրի-Տրիբունա» թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն 0:3 հաշվով,  իսկ «Տրիբունա» ՀԿ ակումբը տուգանվել 40 հազար դրամով։