Բացել լրահոսը Փակել լրահոսը
22.04.21.2-1
A A
Պաշտոնական

Վահան Քերոբյանը ներկայացրել է  նախարարության տնտեսական քաղաքականության հայեցակարգի՝ հարկային բարեփոխումներին ուղղված որոշ դրույթներ

Ապրիլի 22-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՊԵԿ–ի կողմից մշակված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Հանդիպմանը  մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կից գործող ՓՄՁ զարգացման խորհրդի անդամ հանդիսացող մասնավոր հատվածի, Գործարարության աջակցման գրասենյակի և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակիցներին ներկայացրել է  նախարարության տնտեսական քաղաքականության հայեցակարգի՝ հարկային բարեփոխումներին ուղղված որոշ դրույթներ, մասնավորապես՝ առաջարկներ՝ ուղղված ԱԱՀ դաշտում աշխատող արտադրողների և շրջանառության հարկի դաշտում աշխատող տնտեսվարողների հետ աշխատելիս առաջ եկող հիմնախնդիրների լուծմանը։ Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական և սոցիալական գործոնները՝ առաջարկվում է բոլոր ոլորտներում շրջանառության հարկի վերացման և ընդհանուր հարկման դաշտ անցնելու հետ մեկտեղ հարկային ընդհանուր համակարգում կիրառել ԱԱՀ տարբերակված հարկային դրույքներ։ Նախարարի հանձնարարությամբ, փաստաթուղթը տրամադրվել է հանդիպման մասնակիցներին՝ այն առավել մանրամասն ուսումնասիրելու համար:

Հանդիպմանը քննարկվել են Հարկային օրենսգրքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին ՊԵԿ-ի կողմից մշակած օրենքի նախագծով առաջարկվող մի շարք դրույթներ։ Մասնավորապես, նախագծով առաջարկվող հարկային մարմնի գործիքակազմին «Թեմատիկ ուսումնասիրության» տեսակն ավելացնելու հարցը, որի շրջանակներում հարկային մարմինը վերլուծության արդյունքների հիման վրա առաջացած կոնկրետ ռիսկերի գծով հարկային հաշվարկները չներկայացրած կամ դրանք չճշտած հարկ վճարողների մոտ կիրականացնի ուսումնասիրություն։ 

Անդրադարձ է կատարվել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով փաստաթղթերն ուղարկելու հնարավորություն ընձեռելու հարցին և ՀԴՄ-ների կիրառության համար  սահմանված կանոնների խախտումների հետ կապված առաջարկվող փոփոխություններին։ 

Նախարարի հանձնարարությամբ Գործարարության աջակցման գրասենյակը կհավաքագրի հանդիպման ընթացքում վերհանված խնդիրները և առաջարկները, որոնք կներկայացվեն ՓՄՁ զարգացման խորհուրդ՝ մայիսին կայանալիք հերթական նիստի օրակարգում ներառելու նպատակով։ 

Նախարար Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների սահմաններում աջակցել գործարար համայնքի կողմից ներկայացված խնդիրների լուծմանը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և 

հասարակայնության հետ կապերի վարչություն