Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 22-ը ապրիլի․ դաժան ծեծի ենթարկվեց Աշոտ Մանուչարյանը, Ռ. Քոչարյանը մերժեց վարչապետի միջնորդությունը (տեսանյութ)

1998-ի այս օրը շատ խղճուկ, անշուք պայմաններում ամփոփվում էին շախմատի Հայաստանի պատանեկան առաջնության արդյունքները։ Ֆեդերացիայի նախագահ Վանիկ Զաքարյանը տեղեկացնում էր, որ հաղթողները տարիքային խմբերում աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների ուղեգրեր են նվաճել, սակայն, նրանց ճանապարհածախսը պետք է հոգան ծնողները, քանի որ ֆեդերացիան գումար չունի։ Իսկ խոսքը հեռանկարային, շնորհալի պատանիների մասին էր, ովքեր այսօր արդեն միջազգային մրցասպարեզներում բարձր են պահում Հայաստանի պատիվը՝ Տիգրան Պետրոսյան, Զավեն Անդրիասյան, Հրանտ Մելքումյան։

1998թ ապրիլի 22-ին Ազգային Ժողովի խումբ-խմբակցությունները գնահատում էին նախագահի արտահերթ ընտրությունից հետո ձեւավորված կառավարությունը։ Հիմնական եզրակացությունն այն էր, որ կառավարությունը որեւէ կապ չունի խորհրդարանի հետ՝ դա միայն եւ միայն ՀՀ նախագահի կառավարությունն է։

Քրեական գործ էր հարուցվել փաստաբան, իրավաբանների միության փոխնախագահ Վանյա Սուքիասյանի նկատմամբ։ Նա մեղադրվում էր սրճարանի աշխատակիցների հայհոյելու եւ վիրավորելու մեջ։ Սուքիասյանը պնդում էր, որ քրգործը շինծու է, ոչ մի նման միջադեպ էլ չի եղել։ Ըստ Սուքիասյանի՝ իր միակ մեղքն այն է, որ ինքը Վանո Սիրադեղյանի դատապաշտպանն է։

Նույն այդ օրը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մերժեց ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանին պաշտոնանկելու վերաբերյալ վարչապետ Արամ Սարգսյանի միջնորդությունը։ Քոչարյանը համարում էր, որ նախարարը չի կարող պատասխանատու լինել քրեական հետապնդման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի փախուստի համար, քանի որ Սիրադեղյանի անհետացման պահին պետական կարեւոր հանձնարարությամբ եղել է Ստրասբուրգում։

Տասնամյակի կապակցությամբ ինքն իրեն նվեր մատուցեց «Արայ» ընկերությունը։ Հայտարարվեց, որ իրենք արտադրում են գունավոր հեռուստացույց։

Մեծահամբավ դերասան Սոս Սարգսյանի ծննդյան 70-ամյակի արարողությունը ՌԴ դեսպանատունն էր կազմակերպել։ Բեմից արվեստագետի տարեդարձը շնորհավորում էին իր իսկ սաները՝ գեղարվեստաթատերականի ուսանողները։

2003-ի ապրիլի 22-ին Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրեց, որ սատարելու է իրեն սատարողներին։ Սա նշանակում էր, որ մայիսի 25-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում նա աջակցում է ավարտված նախագահական ընտրություններում իրեն պաշտպանած Հանրապետական, Դաշնակցություն եւ Օրինաց երկիր կուսակցություններին։

2004-ի այս օրը դաժան ծեծի ենթարկվեց արցախյան շարժման հիմնադիրներից Աշոտ Մանուչարյանը։ 2013-ին բախում արձանագրվեց ոստիկանների եւ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում երթ անցկացնող ՀԱԿ երիտթեւի ակտիվիստների միջեւ։ Ոստիկանությունը փորձում էր արգելել երթի անցկացումը՝ փաստարկելով, թե իրենք պաշտպանում են ազատ տեղաշարժի՝ այլ քաղաքացիների իրավունքը։