Բացել լրահոսը Փակել լրահոսը
մանկապարտեզ
A A
Հասարակություն

Արցախում նոր մանկապարտեզներ կբացվեն. տեղահանված ընտանիքների երեխաների հարցն առաջնահերթ է

Մինչ արցախյան երրորդ պատերազմն Արցախում գործում էր 53 մանկապարտեզ, որից 41-ը պետական էր, 12-ը՝ բարեգործական:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախադպրոցական կրթության բաժնի վարիչ Էլմիրա Հովհաննիսյանը՝ նշելով, որ մանկապարտեզներից 8-ը գործում էր հայ օգնության միության, իսկ 4-ը՝ հայ ավետարանչական ընկերակցության հովանու ներքո: Հանրապետությունում մանկապարտեզ հաճախող երեխաների ընդհանուր թիվը 4020 է։

Նրա խոսքով՝ պատերազմից հետո 17 մանկապարտեզ մնացել է թշնամու կողմից օկուպացված տարածքներում: «Այժմ ԱՀ-ում գործում է 36 մանկապարտեզ, որից 29-ը՝ պետական, 7-ը՝ բարեգործական միջոցներով. Երեխաների ընդհանուր թիվը 2070 է: Մանկապարտեզները գերծանրաբեռնված են: Պատերազմից հետո գյուղական և քաղաքային մի շարք մանկապարտեզներ կրել են շենքային և գույքային վնասներ: Նախարարությունն ուսումնասիրություններ է իրականացրել այդ ուղղությամբ. այժմ շինաշխատանքներ են ընթանում։ Գույքային վնասները վերականգնվում են տարբեր հովանավորչական կազմակեպությունների կողմից, ինչպես նաև ռուս խաղաղապահների միջոցով: Տեղահանված ընտանիքների մի մասին տեղավորել ենք մայրաքաղաքում, մի մասին էլ՝ գյուղական բնակավայրերում: Ստեփանակերտում մանկապարտեզները քիչ են, երեխաները՝ շատ. 2100 երեխա դեռ չի հաճախում մանկապարտեզ, որից 900-ը տեղահանված ընտանիքնրեի երեխաներ են: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- մանրամասնել է Է. Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ Ստեփանակերտի Տիգրան Մեծ 33 բնակելի շենքի առաջին հարկում տեղակայված է Շուշիի պետական մանկապարտեզն իր աշխատողներով:

«Շենքն ամբողջովին վերանորոգված է, մնում է տեղադրել գույքը, որը կիրականացվի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և պահուստային ֆոնդի միջոցներով. Մանկապարտեզը կգործի 130 երեխայի համար: Հադրութի «Դիզակ» մանկապարտեզի բացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Նախագիծը մշակման փուլում է, սպասում ենք ընթացքավորմանը: Նոր մանկապարտեզների բացման անհրաժեշտություն կա, որի ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում»,- տեղեկացրել է մեր զրուցակիցը:

Ոլորտի պատասխանատուի փոխանցմամբ՝ վերահսկողությունից դուրս մնացած տարածքների մանկապարտեզների աշխատողների ցանկը ճշգրտվել է. առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք առանց մրցույթի կտեղավորվեն աշխատանքի: Մանկապարտեզներում երեխաների ընդունելության գործում ևս առաջնահերթություն է տրվում տեղահանվածների երեխաներին՝ անվճար հիմունքներով:

«Նախատեսում ենք նաև Ստեփանակերտի 11-րդ դպրոցի հարակից տարածքում նոր մանկապարտեզ կառուցել, որտեղ կհաճախի 200 երեխա. աշխատանքներն ընթացքի մեջ են և կիրականացվեն «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի և պետբյուջեի համատեղ ֆինանսավորմամբ»,- նշել է Է. Հովհաննիսյանը: